Վերսկսվել են պեղումները Տավուշ ամրոցի տարածքում
Տավուշ ամրոցի տարածքում հուլիսի 14-ից հնագիտական պեղումները վերսկսվել են: Աշխատանքները մեկնարկել էին նախորդ տարի և դադարեցվել 44-օրյա պատերազմի պատճառով:
Պեղումներն իրականացնում են ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատողներ Տիգրան Ալեքսանյանը և Հարություն Բադալյանը:
Աշխատանքներում ներգրավված են նաև տեղի բնակիչները:
«Անցած տարի աշխատել ենք 2 հատվածում՝ միջնաբերդում և ստորին բերդում՝ եկեղեցու տարածքում: Նախքան պատերազմը, որի սկսվելուն պես ընդհատվեցին աշխատանքները, հասցրել ենք ամբողջությամբ ավարտել եկեղեցու տարածքի պեղումները: Այժմ աշխատում ենք միջնաբերդի տարածքում: Որպես գիտական խնդիր՝ նպատակ ունենք բացահայտել միջնաբերդի մուտքը: Այն չի պահպանվել»,-տեղեկացրել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Տիգրան Ալեքսանյանը:
Միջնաբերդի պարսպի հարակից հատվածում բացվել են սենյակներ:
Տիգրան Ալեքսանյանի խոսքով՝ հայտնաբերվել են երկանքի քարեր, օջախի վրա դրվող մրապատ կճուճներ, մեծ քանակությամբ խեցեղեն, կրով սվաղված հատակներ, տարբեր շինարարական հորիզոններ: «Սակայն հետաքրքրական է հատկապես այս շերտից գտնված խաչքարը (հավանաբար 12-13-րդ դդ): Խաչքարի առկայությունն այստեղ, իհարկե, տարօրինակ է, բայց շատ հետաքրքիր ու կարևոր գտածո է»,-նշել է նա:
Գիտաշխատողների սպասելիքները մեծ են: «Պետք է նշեմ, որ տարածքում նաև ամրակայման աշխատանքների անհրաժեշտություն կա: Մենք ներկայացրել ենք խնդիրը: Մասնակի ամրակայման աշխատանքների դեպքում կարող ենք ընդլայնել նաև պեղման աշխատանքները: Եթե ամեն ինչ ընթանա բնականոն հունով, առաջիկա մի քանի տարվա ընթացքում մեր պատկերացումներն ամրոցի մասին էականորեն կփոխվեն, կհամալրվեն նոր տեղեկություններով»,-հավելել է Տիգրան Ալեքսանյանը:
Տավուշ ամրոցի տարածքում հնագիտական պեղումներն իրականացվում են ՀՀ կառավարության որոշմամբ:
Տավուշ ամրոցի տարածքում առաջին հնագիտական պեղումներն իրականացվել են 1986-1988 թվականներին՝ Հայկ Եսայանի գլխավորությամբ: