Հող տվող մարդն իրավունք չունի երկիր ղեկավարի. ստորագրահավաքի նախաձեռնող
Հուլիսի 18-ից Քաջարանում մեկնարկել է ստորագրահավաք՝ հաջակցություն քաղաքապետ Մանվել Փարամազյանի։ Քաջարանցիները պնդում են՝ Մանվել Փարամազյանի կալանավորումն անարդարացի է:
Այսօր արդեն քաջարանցի կանայք էին մասնակցում Մանվել Փարամազյանի համար անցկացվող ստորագրահավաքին։
Հավաքի մասնակիցներն իրենց ձեռքին ունեին պաստառներ՝ «Պատերազմող երկրում ազատամարտիկը բանտարկվում է միա՛յն հօգուտ թշնամու», «Մանվել Փարամազյանն ազատամարտիկ է, Մանվել Փարամազյանն ազատազրկված է» գրառումներով:
«Դուք գիտեք, որ ստորագրահավաքը սկսելու հաջորդ օրը մեզ միացան սփյուռքի մեր հայրենակիցները՝ մեզ են միացել Ֆրանսիայից, Ռուսաստանի Դաշնությունից, նույնիսկ Ամերիկայից, և եթե մեր ստորագրահավաքը մեկ-երկու օրով հետաձգենք, կարծում եմ՝ հինգ հազար թիվը կապահովենք:
Այսօր տեղեկացնում եմ, որ մոտավորապես 3000 մարդ ներկայացավ կամովին և իր ձայնը բարձրացրեց, իր բողոքի խոսքն ասեց, և ես բոլորիդ շնորհակալ եմ»,- ներկաներին տեղեկացրեց քառօրյա ստորագրահավաքի նախաձեռնող՝ Քաջարանի բնակչուհի Շողիկ Շահնազարյանը։
Հիշեցնենք, որ Մանվել Փարամազյանին կալանավորել են հուլիսի 10-ին՝ խարդախության և ընտրակեղծիքներ կատարելու մեղադրանքով։ Փարամազյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել։