«Պատերազմող երկրում ազատամարտիկը բանտարկվում է միայն հօգուտ թշնամու». Ստորագրահավաք Քաջարանում՝ ի աջակցություն Մանվել Փարամազյանի

Սյունիքի մարզի Քաջարան համայնքի կանայք նախաձեռնել են ստորագրահավաք՝ ի աջակցություն համայնքապետ Մանվել Փարամազյանի։

Մանվել Փարամազյանը կալանավորվել է հուլիսի 9-ից՝ արտահերթ ընտրությունների ժամանակ բնակիչներին հատուկ քաղաքական ուժի ընտրելու համար նրանց ուղղորդելու կասկածանքով։

«Բոլորս գիտենք, որ մենք պատերազմի մեջ ենք, մեր երկիրը գտնվում է պատերազմի մեջ, հայտնի է նաև՝ Սյունիքի համայնքապետերն առաջինն են եղել, ովքեր սեփական կամքով մեկնել են առաջնագիծ և իրենց հետ վերցրել են իրենց ձեռքի տակ մեծացրած երիտասարդներին։ Մայրերը գիտեն, թե ինչ է նշանակում զավակին առաջնագիծ ուղարկելը։ Այստեղ է նաև Անահիտը, որը կամավոր հիմունքներով պարոն Փարամազյանի հետ կռվել է նրա ջոկատում։ Այսօր ձեր խոսքն է կարևոր։ Պատերազմող երկրում ազատամարտիկը բանտարկվում է միայն հօգուտ թշնամու»,- ստորագրահավաքի ժամանակ իր խոսքում ասաց նախաձեռնության մասնակից կանանցից մեկը։

Ըստ նրա, իրենց հայտնի է, թե ինչ նպատակ է հետապնդում Սյունիքի համայնքապետերին ազատազրկելը, տեսել են, թե վերջին երեք տարիների ընթացքում ինչ ճնշում է գործադրվել ժողովրդի վրա, որը նպատակ է հետապնդում կոտրելու ժողովրդին, որպեսզի նա չկարողանա պայքարել թշնամու դեմ։

«Որոտանում վերջերս ևս փորձել են զինաթափել բնակիչներին, պատերազմող երկրում սահմանամերձ գյուղը զինաթափելը հավասար է հանցագործության, այդ մարդիկ զենք չունեն, պաշտպան չունեն, հենց սրա համար պետք է ազատ արձակվեն համայնքապետերը, որպեսզի մարդկանց վերադարձնենք անվտանգության զգացումը»,- հավելեց նա։

Ներկա կանացից մեկն էլ ասաց, որ ճիշտ չէ նման պայմաններում ազատազրկել մի մարդու, ով իսկական սյունեցի է, հետևաբար՝ սպասում են նրա ազատությանը։ Նրանք ևս մեկ անգամ ընդգծեցին, որ իրենք իրենց համայնքապետի կողքին են։

Տեսանյութեր

Լրահոս