ՔԿԾ պետ Արթուր Գոյունյանը կհեռանա

Քրեակատարողական ծառայության (ՔԿԾ) պետ, գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը համակարգում, թերևս, իր աշխատանքային կենսագրության վերջին օրերն է ապրում: Ըստ ամենայնի, նա շուտով հրաժեշտ կտա իր պաշտոնին:

Հիշեցնենք, որ  2019թ. հուլիսի 11-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ վերջինս նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, երբ արդարադատության նախարար դարձավ Ռուստամ Բադասյանը:

Արթուր Գոյունյանի դուստրն ու փեսան Ռուստամ Բադասյանի համակուրսեցիներն են, բացի դրանից, նա նաև Բադասյանի հոր հետ ունի մտերիմ հարաբերություններ, և հենց Բադասյանի քվոտայով էլ Գոյունյանը նշանակվեց ՔԿԾ պետ: Իր նշանակումից անմիջապես հետո Արթուր Գոյունյանը, ում քարտ-բլանշ էր տրվել կադրային քաղաքականություն իրականացնելու հարցում, ազատվեց համակարգից հասկացող, երկարամյա աշխատանքային փորձ ունեցող պաշտոնատար անձանցից ու տառացիորեն 1-2 ամսում ողջ համակարգը լցրեց նախկին դաատախազներով ու քննիչներով:

Փոխվեցին Ծառայության պետի բոլոր տեղակալները, քրեակատարողական հիմնարկների պետերը՝ գրեթե ողջ կազմով, ինչպես նաև ՔԿԾ կենտրոնական մարմնի ստորաբաժանումների ղեկավարներից շատերը:

168.am-ը բազմիցս է անդրադարձել բոլոր այն ապօրինություններին, որոնք կատարվում են ՔԿԾ-ում, անվերջ ընթացող շինարարական աշխատանքներին, այլ չարաշահումների, որոնք, սակայն, դատախազությունը բարեհաջող կերպով անտեսել է:

Ինչևէ, կարծես թե առարկայական է դառնում Ռուստամ Բադասյանի՝ Պետական եկամուտների կոմիտե՝ իր հարազատ գերատեսչություն արդեն իսկ նախագահի պաշտոնով վերադառնալու հեռանկարը, ինչով էլ կավարտվի Արթուր Գոյունյանի պաշտոնավարումը ՔԿԾ պետի պաշտոնում:

Ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների՝ արդարադատության նախարարի պաշտոնը հավանաբար կզբաղեցնի Նիկոլ Փաշինյանի՝ իրավական հարցերով խորհրդական Աննա Վարդապետյանը, ով ընտրություն պետք է կատարի նախարարի ու Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնների միջև, և եթե Վարդապետյանն ընտրի արդարադատության նախարարի պաշտոնը, ապա վստահաբար Արթուր Գոյունյանն իր մեծաքանակ թիմով կհեռանա:

Նախարարի պաշտոնի համար շրջանառվում է նաև Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը:

Մինչ այդ արդեն աշխուժություն է նկատվում ՔԿԾ պետի պաշտոնի հավակնորդ անձանց կողմից: Մարդիկ արդեն կապեր են որոնում, զբաղվում իրենց հետագա պաշտոնավարման հարցերով:

168.am-ի տեղեկություններով՝ այդ գործընթացի կիզակետում է ներկայումս գտնվում «Նուբարաշեն» ՔԿՀ պետ Գերասիմ Գևորգյանը: Վերջինս համակարգի հնաբնակներից է: Համակարգում իր աշխատանքային գործունեությունը սկսել է 1992թ.-ից ու 2007թ. սեփական զեկուցագրի համաձայն՝ ազատվել աշխատանքից:

Ասում են՝ Գերասիմ Գևորգյանը ակտիվ ՀԱԿ-ական է, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի համակիրներից, և պատահական չէ, որ նա համակարգ վերադարձավ անմիջապես 2018թ. իշխանափոխությունից հետո՝ 2019թ. հուլիսին՝ նախ նշանակվելով «Արմավիր», ապա՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ների պետ:

Շրջանառվում են ՔԿԾ պետի հավակնորդների ևս երկու անուններ, որոնց մասին կտեղեկացնենք առաջիկայում:

Տեսանյութեր

Լրահոս