Իրանից ցեմենտի տակ տոննաներով թմրանյո՞ւթ է մուտք գործում Հայաստան. Վերմիշյանի բացահայտումը
Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը 168 TV-ի «Պրեսինգ» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով Վահագն Վերմիշյանին կալանավորելու պատճառներին, նշեց դրանցից մի քանիսը, որոնցից մեկը վերաբերում է Վերմիշյանի այն կասկածներին, որ հնարավոր է՝ Իրանից ցեմենտի անվան տակ ՀՀ է ներմուծվել փոշիանման զանգված։
«Երբ Իրանից Հայաստան ցեմենտ է ներկրվել, Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը հաշվարկ է կատարել և արձանագրել, որ 100 դրամանոց ցեմենտի ինքնարժեքը Հայաստանում 60 դրամ է։ Նրա մոտ հարց է առաջացել, թե ինչո՞ւ։ Դրանից հետո դա պարզելու համար քննարկումներ է ունեցել, զանգահարել է Իրան՝ հասկանալու համար, թե Իրանից ցեմենտն ի՞նչ գնով է դուրս գալիս, ապա զանգահարել է ցեմենտը փոխադրող ընկերություններին։
Իր աշխատասենյակում պահել է մի թղթապանակ՝ ցեմենտի հետ կապված ուսումնասիրություններով։ Ապա զանգահարել է այն ժամանակվա էկոնոմիկայի նախարարին՝ Տիգրան Խաչատրյանին, և ասել, որ այստեղ մի բան այն չէ, ցեմենտի տակ փոշիանման զանգված է տոննաներով մտնում Հայաստան։ Երբ համադրենք սրան այն իրողությունը, որ այդ բեռնատարները Հայաստանից հետո շարունակում են իրենց ճանապարհը դեպի Թուրքիա, ապա ողջամիտ կասկածներ են Վերմիշյանի մոտ առաջանում, որ թմրանյութ է։
Պայմանավորվում է Տիգրան Խաչատրյանի հետ, որ անակնկալ գնան «Հրազդան» ցեմենտի գործարան և ստուգեն մեքենաների պարունակությունը։ Առավոտյան ժամը 11-ին խոսում են, պայմանավորվում ժամը 15։00-ին գնալ գործարան, բայց այդ ժամին ձերբակալվում է։ Ի դեպ՝ խուզարկության պահին ԱԱԾ աշխատակիցները սեղանի վրայից վերցրել են այդ թղթապանակը և զեկուցել այդ մասին»,- պատմեց Վերմիշյանի պաշտպան Կոչուբաևը։
Մանրամասները՝ տեսանյութում