Վահե Միսակյանը ցուցաբերեց անկախ արբիտրի վարքագիծ. Չարչյանի պաշտպան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Միսակյանի նախագահությամբ, փոխեց «Իզմիրլյան» ԲԿ-ի նախկին ղեկավար, բժիշկ-վնասվածքաբան, պրոֆեսոր, «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանի պաշտպանների՝ Չարչյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը, և Չարչյանի նկատմամբ կիրառեց 15 միլիոն դրամ գրավ և ստորագրություն՝ երկրից չբացակայելու մասին:

«Ընթացակարգն այնպիսին է, որ գրավի գումարը պետք է վճարվի, վճարելուց հետո պարոն Չարչյանն անհապաղ պետք է ազատ արձակվի: Կողմի հայեցողությունն է, կարող ենք այսօր վճարել, կարող ենք՝ վաղը: Հենց վճարման պահից պարոն Չարչյանն անհապաղ պետք է ազատ արձակվի»,- դատարանի որոշման հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

Խոսելով որոշման՝ սպասելի լինելու մասին, Ալեքսանյանը նշեց.

«Առհասարակ պետք է դատավորը դատական նիստի ժամանակ ցուցաբերի այնպիսի վարքագիծ, որ որևէ մեկը չկարողանա սպասելիք ունենալ: Հենց դրանով է պայմանավորված անկախ արբիտրի վարքագիծը: Մենք ականատես եղանք, որ այս դատավորը՝ Վահե Միսակյանը, դատավարության ողջ ընթացքում ցուցաբերել է  այնպիսի վարքագիծ, որը ոչ մի փաստաբան, ոչ մի այլ կողմ չէր կարող սպասելիքի վերաբերյալ գնահատական տալ: Եվ միշտ պետք է այդպես լինի, այլ ոչ թե դատավորը դատական նիստի ժամանակ քննիչի է վիրավորում, ասում է՝ «այ քննիչ, դու սխալ ես, դատախազ, դու սխալ ես, ինչո՞ւ սա արված չի, սա արված չի, բայց հետագայում գալիս են, այլ որոշում են կայացնում: Այսինքն՝ նման վարքագիծ դատավորը չպետք է ցուցաբերի: Պետք է ցուցաբերի այնպիսի վարքագիծ, որը ցուցաբերեց Վահե Միսակյանը՝ անկախ արբիտրի վարքագիծ»:

Հիշեցնենք, որ Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Մեղադրական եզրակացության համաձայն՝ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, հանդիսանալով «Իզմիրլյան» ԲԿ-ի գործադիր տնօրեն, «օգտագործելով նույն բժշկական կենտրոնի աշխատակիցների՝ իրենց ծառայողական կախվածության հանգամանքը, նրանց հարկադրել է մասնակցել 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին, չքվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, այլ քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին»:

 

Տեսանյութեր

Լրահոս