Ավազակային հարձակում Գյումրիում. դիմակավորված անձը ատրճանակով թալանել է 70-ամյա ամուսիններին․ կա վիրավոր․ shamshyan.com
Այսօր, հուլիսի 21-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 04։40-ի սահմաններում ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել Գյումրի քաղաքի Պարոնյան փողոցի տներից մեկի բնակիչ 70-ամյա Սաթենիկ Ա․-ից, ով հայտնել է, որ դիմակավորված անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է իր տան ննջասենյակի պատուհանը, այնուհետև մտել ներս և զենքով ստիպել է իր 70-ամյա ամուսնուն, որպեսզի իրենց մոտ եղած գումարը տան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը, ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետ Արթուր Հակոբյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը՝ ավագ քննիչ Գյոզալյանի գլխավորությամբ։ Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ճիվաղը նշված տուն է մտել դիմակավորված, և ծերունի ամուսիններից գումարը ստանալուց հետո մեկ կրակոց է արձակել Մեքս Ա․-ի վրա, ով հրազենային վնասվածք ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ քննչական բաժնում ավազակային հարձակում կատարելու և ապօրինի զենք կրելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ հանցագործությունը բացահայտելու, կատարողին, հանցագործության գործիք հրազենն ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հանցագործը տարեց ամուսիններից հափշտակել է 60-ից 70 հազար դրամ։
Լուսանկարը՝ Խաչիկ Գևորգյանի