Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը կալանքից ազատ է արձակվել. tert.am

Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը կալանքից ազատ է արձակվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Պաշտպանության կողմի միջնորդությունը քննարկվել է, և դատախազի որոշմամբ փոխվել է խափանման միջոցը: Կալանքը փոխարինվել է գրավով։ Որպես գրավի առարկա է կիրառվել միջնորդությանը կից ներկայացված անշարժ գույքը»,-մանրամասնեց Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ խափանման միջոցի փոփոխության համար հիմք է հանդիսացել վարույթն իրականացնող մարմինների հետ Ավետյանի համագործակցությունը՝ հանցագործության բացահայտման նպատակով խոստովանական ցուցմունք տալը:

«Դատախազը գնահատել է նաև, որ քննության տվյալ փուլում նվազել է դատավարության մասնակիցների նկատմամբ ապօրինի ազդեցության գործադրմամբ քննությանը խոչընդոտելու ռիսկը, և գրավի կիրառումը բավարար է ազատության մեջ մնալով մեղադրյալի պատշաճ վարքագիծը երաշխավորելու համար»,-ասաց Գոռ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ Լուսինե Ավետյանին մեղադրանք է առաջադրվել ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու և քվեարկության գաղտնիությունը խախտելու հատկանիշներով։

Տեսանյութեր

Լրահոս