«Տարածաշրջանում իրավիճակի կարգավորումը կարևորագույն հարցերից մեկն է». Պուտինը՝ Ալիևի հետ հանդիպմանը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ադրբեջանցի պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է տարածաշրջանում իրավիճակի կարգավորման հարցին:

«Կարևորագույն հարցերից մեկը շարունակում է լինել իրավիճակի կարգավորումը տարածաշրջանում: Գիտեմ, որ դրան մեծ ուշադրություն եք հատկացնում և նշանակություն տալիս: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել, որ նաև փոխզիջումային որոշումներ են գտնվում: Դրանք միշտ ամենադժվարն են: Եթե մենք ցանկանում ենք կարգավորում, իսկ մենք ցանկանում ենք դա, ուրեմն պետք է ընթանանք այդ ուղով: Մինչ այժմ մեզ հաջողվել է դա անել»,- ասել է ՌԴ ղեկավարը:

«Փառք Աստծո հարաբերությունները վերականգնվում են կորոնավիրուսից հետո, նախևառաջ, նկատի ունեմ տնտեսությունը: Անցյալ տարի որոշակի անկում է եղել, այժմ վստահ աճ է գրանցվում»,- հավելել է Պուտինը՝ նշելով, որ նախատեսում է ներկայացուցչական պատվիրակություն ուղարկել Ադրբեջան, որը կզբաղվի արդյունաբերական, տրանսպորտային և ենթակառուցվածքների հարցով համագործակցությանն առնչվող խնդիրներով:

Պուտինը նշել է, որ 200 000 դեղաչափ պատվաստանյութ է մատակարարվել Ադրբեջան և նախատեսվում է համատեղ արտադրություն ծավալել Բաքվում:

Ալիևը նույնպես հիշատակել է, որ նախատեսվում է «Սպուտնիկ V» դեղամիջոցի նոր չափաբաժին ստանալ Ռուսաստանից:

Անդրադառնալով հետպատերազմական իրավիճակի կարգավորմանը՝ Ալիևը հայտնել է, որ մշտական կապի մեջ է Պուտինի հետ: «Մենք վճռական ենք տրամադրված, որպեսզի հետհակամարտային ժամանակահատվածն ընթանա հնարավորինս անցավ: Կարծում եմ՝ համընդհանուր ջանքերով դա մեզ հաջողվում է»,- ասել է ադրբեջանցի նախագահը:

Տեսանյութեր

Լրահոս