Գեղարքունիքում հացհունձը սկսվել է չափազանց ցածր արդյունքներով
Արդեն մի քանի օր է, ինչ Գեղարքունիքի մարզի տնտեսություններում սկսվել է հացհունձը, սակայն հնձված առաջին հեկտարները ցածր արդյունք են ապահովում։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը, այս տարվա մայիս-հունիս ամիսներին գրանցված տեւական երաշտը ծանր հետեւանքներ է թողել մարզի հողագործների եւ անասնապահների համար, եւ այժմ մարդիկ հավաքում են այն, ինչ հնարավոր է փրկել հացահատիկի արտերից ու խոտհարքերից։
«Հացհունձը սկսվել է ինչպես աշնանացան ցորենի, այնպես էլ՝ գարնանացան գարու արտերում։ Հավաքվում է սպասված բերքի հազիվ 30-40 տոկոսը։ Շատ արտեր էլ մինչ բերքահավաքի մեկնարկը հնձվել են անասնակերի տակ, քանի որ բնական աճ չեն ապահովել ու չեն հասկակալել։ Լավ արդյունք հնարավոր է ակնկալել միայն հացահատիկի այն արտերից, որոնք ոռոգվել են, սակայն դրանց ծավալները համեմատաբար քիչ են։ Մարդիկ հնձում են բոլոր այն տարածքները, որտեղ հնարավոր է հնձել՝ անասնակերի պաշարները գոնե նվազագույն չափով ապահովելու համար»,-ներկայացրեց Մարտին Պետրոսյանը։
Խոսրով Խլղաթյան