«Իմ՝ կալանքի տակ չմնալու գերակա շահը Հայաստանի քաղաքացիների առողջությունն է». Արմեն Չարչյան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկեց «Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար, բժիշկ-վնասվածքաբան, պրոֆեսոր, «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանի գործով դատական առաջին նիստը: Նիստի ընթացքում դատարանը քննության առավ Արմեն Չարչյանի պաշտպանների՝ Չարչյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը:

Պաշտպանների ու դատախազի ելույթներից հետո դատարանում ելույթ ունեցավ նաև Արմեն Չարչյանը՝ անդրադառնալով կողմերի մատնանշած՝ պրոֆեսորի կալանքի տակ մնալու կամ չմնալու գերակա շահին:

«Գերակա շահի իրական հարցը, ըստ իս, չընկալվեց: Ո՞րն է գերակա շահը իմ՝ կալանքի տակ մնալու և իմ կալանքի տակ չմնալու: Իմ՝ կալանքի տակ չմնալու գերակա շահը Հայաստանի քաղաքացիների առողջությունն է, որովհետև ես յուրաքանչյուր ամիս (արդեն մի ամիս ուղիղ կալանքի տակ եմ) անձամբ կատարում եմ 20-30 բարդագույն վիրահատություններ, որ մյուսները չեն կարողանում անել, կամ, եթե անում են, անում են ոչ այն մակարդակով և այն որակով, ինչ որ ես:

Ես հսկում եմ մոտավորապես 200-250 վիրահատությունների կատարում, կանտրոլ եմ անում, կառավարում եմ ամսական 200-250 վիրահատությունների կատարում՝ տարբեր կլինիկաներում, այն բոլոր կլինիկաներում, որոնք ես եմ ստեղծել, որտեղ իմ աշակերտներն են աշխատում, և ես ամսվա ընթացքում կատարում եմ մոտավորապես 500-550 խորհրդատվություն և կոնսերվատիվ բուժում: Դա իմ բուժական աշխատանքն է՝ ադմինիստրատիվ աշխատանքից դուրս: Համատեղում եմ այս երկուսը:

Մի ամիս անգործության մատնվելով՝ ես դա չեմ արել: Մի ամիս ՀՀ 20-25 քաղաքացի զրկված է եղել բարդագույն վիրահատությունների բարձրակարգ ձևով կատարման հնարավորությունից: 200-250 քաղաքացի զրկված է եղել իրենց վիրահատությանը հետևելու, ուղղորդելու, տակտիկան որոշելու հնարավորությունից: Եվ 500-550 քաղաքացի զրկված է եղել բարձրակարգ կոնսուլտացիա ստանալու հնարավորությունից: Այ դա է գերակա շահը, հարգելի դատարան:

Ասեմ մի բան ևս, որ իմ կոնսուլտացիաները և վիրահատությունների կորեկցիաները շա՜տ թանկ արժեն: Իրենք արժեն մի՛ ժպիտ: Շնորհակալություն»,- դատարանում ասաց Արմեն Չարչյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս