«Արտակ Դավթյանը և Արշակ Կարապետյանը հարցեր են քննարկել. որևէ լարվածություն կամ անհանգստություն անձնական հարաբերությունների մասով չեմ նկատել». Սամվել Ասատրյան
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, շաբաթ օրը՝ աշխատանքային ժամի ավարտին՝ 17:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի աշխատասենյակում թեժ վիճաբանություն է եղել ԳՇ պետ Դավթյանի և նրա առաջին տեղակալ Արշակ Կարապետյանի միջև:
Ըստ թերթի՝ վիճաբանությունն այնքան է թեժացել, որ բանը հասել է հայհոյանքների, աթոռ, մոխրաման միմյանց վրա նետելուն, որից հետո վեճն արդեն շարունակվել է միջանցքում: Իսկ թե կոնկրետ ինչու և ինչ թեմայի շուրջ են վիճել շտաբի պետն ու նրա տեղակալը, աշխատակիցներն այդպես էլ չեն կարողացել հասկանալ, թեև վեճի մի մասը տեղափոխվել է նաև միջանցք:
168.am–ը փորձեց ԳՇ-ից ճշտել, թե ո՞րն է եղել վիճաբանության պատճառը, ինչին ի պատասխան՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանն ասաց.
«Ինքս այդ տեղի չունեցած «միջադեպից» հետո, նաև հաջորդ օրն առավոտյան շփվել եմ թե´ Արտակ Դավթյանի, թե´ Արշակ Կարապետյանի հետ, ընդ որում՝ երբ նրանք միասին հարցեր էին քննարկում, որևէ լարվածություն կամ անհանգստություն անձնական հարաբերությունների մասով չեմ նկատել։ Շտաբի պետն էլ, նրա տեղակալներն էլ և ամբողջ զինված ուժերն անհամեմատ ավելի կարևոր մտահոգության առարկա ունեն՝ մեր սահմանների պահպանությունն ու պաշտպանությունը, և երբ հատկապես այս լարված օրերին լրատվամիջոցն իրեն թույլ է տալիս նման պահվածք, նույնիսկ չեմ էլ ուզում որակում տալ․ թող հանրությունն ինքը գնահատի»:
Ս․ Ասատրյանը շեշտեց, որ գեներալների միջև առկա են գործընկերային և ընկերային լավ հարաբերություններ, մոտ են նաև ընտանիքներով, նրանք միմյանց հետ ծանոթացել են մարտի դաշտում և երկար տարիներ համատեղ ծառայություն են իրականացրել: