Թուրքիայում կատաղած ցուլը ներխուժել է սրճարան
Թուրքիայում «Զոհաբերության տոնի» (Kurban Bayramı) ժամանակ խոշոր եղջերավոր անասունների փախուստի դեպքեր են գրանցվել, ինչի հետևանքով մսագործները ստիպված են եղել ընկնել նրանց հետևից: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Անկարայի Յենիմահալլե շրջանում ցուլը փախել է մսագործի մոտից՝ ստիպելով քաղաքացիներին կիլոմետրերով վազել իր հետևից: Փողոցներում խցանում է առաջացել, իսկ այն քաղաքացիները, որոնք ցանկացել են բռնել ցուլին, կոտոշահարվել են:
Ցուլի արկածներն այդքանով չեն սահմանափակվել. մտել է սրճարան՝ ահ ու սարսափ տարածելով քաղաքացիների շրջանում: Սրճարանում մարմնական վնասվածք է ստացել 4 մարդ:
Այս ամենն արձանագրել են սրճարանի անվտանգության տեսախցիկները: Ի վերջո, հաջողվել է ցուլին բռնել:
Հիշեցնենք, որ իսլամական աշխարհում «Զոհաբերության տոնի» ժամանակ «արյան գետեր են հոսում»: Մուսուլման հավատացյալները մորթում են խոշոր եղջերավոր անասուններ:
Ընդհանրապես այս տոնի ժամանակ, որը տևում է 4 օր, կենդանիներին մորթում են հատուկ զոհի համար նախատեսված վայրերում, ապա եփելով միսը՝ այն բաժանում են հարևաններին, մտերիմներին և աղքատներին՝ հուսալով, որ ալլահը կընդունի այդ զոհաբերությունը: