«Ալիևն ասում է, թե Սյունիքն էլ է Ադրբեջանի տարածքը, Երասխն էլ, բայց սա չի նշանակում, որ դրանք ադրբեջանական են». Ստեփանակերտի քաղաքապետ

Հուլիսի 7-ին Ալիևի հրամանով փոխվել է Ադրբեջանի վարչատարածքային բաժանումը` ըստ տնտեսական շրջանների, նոր որոշմամբ` ստեղծվել են «Արևելյան Զանգեզուրի» և «Ղարաբաղի» տնտեսական գոտիներ:

Ըստ հրամանագրի` Լեռնային Ղարաբաղի` այժմ Բաքվի վերահսկողության տակ գտնվող շրջանները` Ջրական (Ջեբրայիլ), Քարվաճառ (Քելբաջար), Սանասար (Կուբաթլի), Քաշաթաղ (Լաչին) և Կովսական (Զանգելան), փոխանցվել են «Արևելյան Զանգեզուրի» տնտեսական գոտու ենթակայությանը:

Մինչդեռ «Ղարաբաղի» տնտեսական գոտում են ներառվել Ստեփանակերտ քաղաքը, Բեղամեջ (Աղջաբեդ), Ակնա (Աղդամ), Պարտավ (Բարդա), Վարանդա (Ֆիզուլի),  Խոջալու, Մարտկերտ (Խոջավենդ), Շուշի և Թարթառ շրջանները:

168.amի հետ զրույցում Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանն ասաց, որ Ադրբեջանի այս գործողություններից այդքան էլ չի զարմացել, մասնավորապես՝ Ստեփանակերտի վերաբերյալ Ալիևի նկրտումներից, քանի որ 30 տարի շարունակ Ադրբեջանն ամեն օր ասում է՝ «Արցախն ադրբեջանական է»։

«Ամեն օր Ալիևը կարող է արթնանալ և նման ապուշ հայտարարություններ անել, սա չի նշանակում, որ Արցախն Ադրբեջանի տարածքն է, կամ Ստեփանակերտն ադրբեջանական է։ Ինքս այդպես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ես զբաղվում եմ միայն քաղաքի խնդիրներով, բայց 30 տարի է՝ Ադրբեջանն ասում է, թե Ղարաբաղն Ադրբեջանի տարածքն է։ Ալիևն ասում է, թե Սյունիքն էլ է Ադրբեջանի տարածքը, Երասխն էլ, բայց սա չի նշանակում, որ դրանք ադրբեջանական են, Ալիևը սխալ է արտահայտվում»,- եզրափակեց Դավիթ Սարգսյանը։

Տեսանյութեր

Լրահոս