«Իշխանությունը գործընթաց է սկսելու, անունը կդնի դեմարկացիա, դելիմիտացիա՝ փորձելով բոլոր հատվածները հանձնել թշնամուն». Աշոտ Մինասյան

ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ, նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը բացմիցս հայտարարել էր, որ կան համայնքապետեր, որոնց սպասվելու է քրեական օրենսգիրքը, մասնավորապես նկատի ունենալով Սյունիքի մի շարք համայնքապետերի, որոնք նոյեմբերի 9-ից հետո պահանջել էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նա դեռևս այդ ժամանակ ասել էր, որ թավշյա մանդատը փոխարինելու են պողպատե մանդատով։

«Բոլոր մեխի գլուխներին, այդ թվում՝ Տեղական ինքնակառավարման մարմիններին, հատ-հատ սրանով արմատախիլ ենք անելու»,- ձեռքի չագուճը գլխավերևում թափահարելով՝ ասել էր Փաշինյանը։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո իշխանությունը ձեռնամուխ եղավ բերման ենթարկել կամ կալանավորել Սյունիքի մի շարք համայնքապետերի, այս պահին կալանավորված են Որոտանի, Քարահունջի գյուղապետերը, Մեղրիի նախկին համայնքապետը, Քաջարանի, Սիսիանի, Գորիսի համայնքապետերը։

168.am-ի հետ զրույցում անդրադառնալով սյունեցի համայնքապետերի նկատմամբ տեղի ունեցող գործընթացներին, «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը՝ Աշոտ Երկաթը, նշեց, որ նրանցից բացի, կձերբակալվեն նաև բազում տղաներ, որոնք հայրենիքի պաշտպաններն են։

«Կալանավորված  մեր համայնքապետերն առաջինն են, բայց ոչ վերջինը, ովքեր Սյունիքում և առհասարակ Հայաստանում ունեն դեմք, դիմագիծ, սեփական կարծիք, հայրենասիրություն, բոլորի հանդեպ այս նույնը բանը կատարվելու է։ Այսինքն՝ այս իշխանությանը պետք են մարդիկ, որոնք դիմագիծ ու կարծիք չունեն, որոնք հայրենիք չունեն և հակված են ավելի շատ, այսպես ասած, հակապետական ու հակահայրենասիրական քայլերի ու գաղափարների։ Իսկ ովքեր հայրենիք ունեն ու տեր են կանգնում իրենց հայրենիքին և գիտակցում են, որ օրվա իշխանությունն այդ հայրենիքը ծախում է, և այդ իշխանություններն այլ երկրների դրածոներ են, նրանց բոլորին կկալանավորեն»,- նշեց Աշոտ Մինասյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ մի օր այս ամենը կավարտվի, քանի որ ժողովուրդը սկսում է աստիճանաբար գիտակցել, որ այս իշխանությունները եկել են երկիրը կործանելու համար։

«Մեր տղաներին բաց կթողնեն, որովհետև այլ ճար չունեն, ի վերջո, արդարությունը մի օր հաղթելու է»,- հավելեց նա։

Աշոտ Միասյանը նաև շեշտեց՝ չի վախենում, եթե իշխանությունն իր նկատմամբ ևս նման գործընթաց սկսի։

«Իհարկե, ես հասկանում եմ, որ նմանատիպ գործընթաց նաև իմ հանդեպ է լինելու և ոչ միայն իմ, այլև բազում տղաների՝ ոչ միայն Սյունիքից։ Հետո հերթը կհասնի Վայոց Ձորին ու մնացած մարզերին։ Այսինքն՝ ովքեր ազգային են, բոլորին իրենք պետք է ձերբակալեն, հո չե՞ն կարող 250 կամ 400 հազար մարդու ձերբակալեն։ Կան այդ մարդիկ, որոնք հակված են պետություն ունենալու, իրենք հայրենասեր են, դիմագիծ ունեն ու գիտեն՝ այս երկրում ինչ է  կատարվում, հո չե՞ն կարող բոլորին ձերբակալեն»,- ընդգծեց նա։

Նա նաև մտավախություն հայտնեց, որ սյունեցի համայնքապետերի կալանավորումը հարցականի տակ է դնում Սյունիքի գոյությունը։

«Իշխանությունների նպատակը Սյունիքը գլխատելն է, այսօր Սյունիքում բոլոր համայնքապետերն էլ հայրենասեր մարդիկ են, իրենք մտածում են, որ այսպիսով կենթարկացնեն համայնքապետերին, հետո՝ սյունեցիներին։ Մտածում են՝ համայնքապետերին կտանեն ու ադրբեջանցիների հետ կսկսեն քննարկել «միջանցքի» հարցը և ոչ միայն՝ այդ հարցը։ Այս իշխանությունը գործընթաց է սկսելու, անունը կդնի դեմարկացիա, դելիմիտացիա, սակայն իրականում փորձելով այդ բոլոր հատվածները հանձնել թշնամուն»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է հայկական այդ տարածքները հետագայում ազատագրելուն, Աշոտ Մինասյանը պատասխանեց՝ ազգային իշխանություն ունենալու դեպքում ժողովուրդը կկարողանա այդ տարածքներն ազատագրել։

Տեսանյութեր

Լրահոս