
Արցախցի երգչուհին Եգիպտոսում հանդես է եկել համերգով

Եգիպտոսի Հուրգադա քաղաքում տեղի է ունեցել արցախցի երգչուհի Լուսինե Մարտիրոսյանի համերգը:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում, երգչուհին, կիսվելով համերգի մասին տպավորություններով, նշել է.
«Այս օրերին ես շրջագայություններ եմ ունենում Եգիպտոսի տարբեր քաղաքներում, որովհետև ինձ շատ հետաքրքրիր է այս երկրի մշակույթը: Երբ եկա Հուրգադա, ընդունարանում թերթիկներ լրացնելիս հարկավոր էր նշել մասնագիտությունս, և այնտեղ իմացան, որ ես երգչուհի եմ: Այդպես առաջարկեցին ինձ, որ համերգ ունենամ: Շատ մեծ դժվարությամբ եմ համաձայնել առաջարկին, քանի որ ծանր ժամանակներ ենք ապրում պատերազմից հետո, բայց որովհետև պետք է մեր մշակութային արժեքները ի ցույց դնենք ամբողջ աշխարհին, ցույց տանք, որ մեր ոգին անկոտրում է, մենք կանգուն ենք, ես՝ որպես արցախցի, համաձայնեցի երգել»,- նշել է Լ. Մարտիրոսյանը:
Նրա տեղեկացմամբ՝ համերգի սկիզբը ազդարարվեց «Հորովել»֊ով։ «Այնուհետև կատարեցի «Արցախ» երգը, որի ժամանակ մեծ էկրանին ցուցադրվում էր Արցախի դրոշը: Մեծ էր հպարտությունս, երբ հնչում էր Արցախի «Հորովել»-ը, երբ բոլորի աչքի առաջ ցուցադրվում էր մեր եռագույնը»,- ընդգծել է երգչուհին։