
Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթեց Ադրբեջանի ուժեղագույն շախմատիստին

Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Հայկ Մարտիրոսյանը հաղթեց Ադրբեջանի ուժեղագույն շախմատիստին:
Սոչի քաղաքում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/32 եզրափակչի առաջին խաղում Մարտիրոսյանը մրցեց Շահրիյար Մամեդյարովի հետ և հաղթեց նրան: Գրոսմայստերները ևս մեկ պարտիա կանցկացնեն հուլիսի 19-ին:
Ռեկորդային թվով հայ շախմատիստներ Հայաստանն այս տարի ներկայացնում են աշխարհի գավաթի խաղարկությունում: Տղամարդկանց խաղարկությունում Հայաստանը ներկայացնում են 5 շախմատիստ՝ Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը։ Նշենք, որ այս թիվը ռեկորդային է Հայաստանի համար։ 2005 թվականից անցկացվող աշխարհի գավաթի խաղարկություններում հայ մասնակիցների թիվն առավելագույնը եղել է 4։
Կանանց մրցաշարում Հայաստանը ներկայացնում է Հայաստանի կանանց հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը։
Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունն այս տարի անցկացվում է ռուսաստանյան Սոչի քաղաքում: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում են 206, իսկ կանանց մրցաշարին՝ 103 մասնակից: Այն կեզրափակվի օգոստոսի 6-ին: