Ճապոնիայում սողանքի զոհերի թիվը հասել է 18-ի
Ճապոնիայի Սիձուոկա պրեֆեկտուրայում հուլիսի սկզբին տեղի ունեցած հզոր սողանքից հետո հուլիսի 18-ին հաստատվել է եւս երեք մարդու մահը։ Այդպիսով զոհերի թիվը հասել է 18-ի, հաղորդում է NHK հեռուստաալիքը:
Ավելի վաղ հաղորդվել էր 15 զոհվածների մասին: Մինչ օրս չի հաջողվում պարզել 12 մարդու գտնվելու վայրը։
Հուլիսի 3-ի առավոտյան ժամը 10-ի սահմաններում Տոկիոյից հարավ-արեւմուտք գտնվող Սիձուոկա պրեֆեկտուրայի Ատամի քաղաքում տեղի է ունեցել հզոր սողանք: Աղետի շրջանում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները։
Աղետից անմիջապես հետո քաղաքի իշխանությունները հայտնել են, որ, ըստ չճշտված տվյալների, անհայտ կորածների թիվը կազմում է շուրջ 20: Սակայն ավելի ուշ պարզվել է, որ տուժած շրջանում, ըստ փաստաթղթերի, բնակվել է 215 մարդ։ Սողանքի հետեւանքով մոտ 130 տուն է քանդվել։ Ավելի քան 500 մարդ ժամանակավորապես տեղավորվել է հյուրանոցներում։