Գերմաներենը հազիվ թե պատճառած ավերածությունները նկարագրող բառեր իմանա. Մերկելը ջրհեղեղի հետևանքների մասին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը սյուրռեալիստական է համարել այն պատկերը, որը նա տեսել է ավերիչ հեղեղումից առավել տուժած շրջաններում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Սա սարսափելի է: Ես ուզում եմ ասել, որ գերմաներենը հազիվ թե ավերածությունները նկարագրող բառեր իմանա», – կիրակի լրագրողներին ասել է Մերկելը երկրի արևմտյան Ադենաու քաղաք այցելելության ժամանակ:
«Մենք կաջակցենք ձեզ. դաշնային եւ երկրամասային իշխանությունները միասին կգործեն, որպեսզի աստիճանաբար ամեն ինչ կարգի բերվի այս գեղեցիկ վայրում։ Արդեն չորեքշաբթի մենք, կառավարությունը, կընդունենք ծրագիր, որպեսզի տարածաշրջանի հետ միասին միջոցներ ձեռնարկենք շտապ օգնության, միջնաժամկետ խնդիրների կատարման եւ ենթակառուցվածքի վերականգնման համար», – ընդգծել Է Մերկելը:
Կանցլերը նշել է, որ Գերմանիայի արեւմուտքում տեղի ունեցած աղետը ցույց է տվել կլիմայի փոփոխության խնդիրներին ավելի մեծ ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը: Նա խոստացել է, որ իշխանությունները երկարաժամկետ քաղաքականություն են վարելու, «որը բնությունն ու կլիման ավելի շատ հաշվի կառնի, քան դա եղել է վերջին տարիներին»: «Դա անհրաժեշտ կլինի»,- ասել Է Մերկելը։ Կառավարության ղեկավարը խոստացել է եւս մեկ անգամ աղետի գոտի ժամանել օգոստոսի վերջին։
Իր հերթին Հռայնլանդ Պֆալցի վարչապետ Մալու Դրայերը նշել է, որ անհայտ կորածների որոնումները շարունակվում են: Նրա խոսքով՝ ջրհեղեղից ամենաշատը տուժած Առվայլեր շրջանի «մեծ թվով» բնակիչներ մինչ այժմ չեն հայտնաբերվել:
Այս շաբաթ տեղատարափ անձրեւները, որոնք տեղի էին ունենում երկուշաբթի օրվանից Գերմանիայի արեւմուտքում եւ հարավ-արեւմուտքում, հանգեցրել են ուժեղ ջրհեղեղի: Հորդառատ անձրեւների պատճառով ափերից դուրս են եկել Հռենոսի Ար եւ Մոզել վտակները, ինչպես նաեւ փոքր գետեր՝ Էրֆթը, Զաուերը, Պրյումը, Նիմսը, Կիլը: Տարերքի ավերածությունների հետեւանքով զոհվել է ավելի քան 150 մարդ, հիմնականում Հռայնլանդ Պֆալց դաշնային երկրամասում: