Քրիստոնյայի դարձի ճանապարհը միշտ էլ ուղեկցվում է զղջման ու ապաշխարության խորհուրդներով
«Մի մարդ երկու որդի ուներ։ Առաջինին մոտենալով՝ նա ասաց. «Որդյա՛կ, գնա՛ այսօր աշխատի՛ր այգում»: Սա պատասխանեց ու ասաց. «Գնում եմ, տե՛ր». ու չգնաց: Մոտեցավ մյուսին էլ և նույնն ասաց: Սա պատասխանեց ու ասաց. «Չեմ ուզում»: Բայց հետո զղջաց և գնաց այգին: Արդ, երկուսից ո՞վ կատարեց հոր կամքը» (Մատթեոս 21:28-31)
Մեր կյանքում հաճախ է պատահում, որ ցանկանում ենք գործել բարիք, սակայն, չգիտես ինչու, հապաղում ենք: Երբեմն իսկապես և առանց որևէ ետին մտքի ցանկանում ենք գործել դրական արարք, սակայն մոռանում ենք՝ անցնելով այլ գործերի: Այդպես նմանվում ենք Քրիստոսի պատմած այս առակում հանդիպող առաջին որդուն, ով խոստանում է բարիք գործել, սակայն չի կատարում: Իսկապես, գուցե առաջին որդին չուներ հատուկ տրամադրվածություն բարիք չգործելու, սակայն փաստ է, որ խոստացավ և չկատարեց:
Մինչդեռ հետաքրքիր է նաև առակում հանդիպող երկրորդ որդու օրինակը, ով թեև ոչինչ չխոստացավ հորը և անգամ մերժեց կատարել հոր կամքը, սակայն գործեց այն՝ զղջալով:
Հաճախ մենք հնարավորություն ունենք ընտրել, թե մեր արարքներով որ որդուն պիտի նմանվենք: Այս դեպքում խոսքն արդեն Աստծո պատվիրանների կատարման, մեր հոգևոր ընթացքի հետ կապված հարցերին է վերաբերում: Նման հարցերով մենք՝ քրիստոնյաներս արդեն ստացել ենք որոշ պատգամներ, պատվիրաններ, որոնք պիտի ընդունենք կամ մերժենք:
Աստծո պատգամներին մեր արձագանքը կարևոր է, սակայն ամենակարևորը չէ: Պիտի քաջ գիտակցենք, որ ինչպիսի արձագանք էլ որ ունենանք, հնարավորություն ունենք այն շտկելու մեր գործերով ու արարքներով: Եվ եթե սխալվել ենք, միշտ էլ բաց է զղջման ու ետդարձի ճամփան, ինչը բնավ չի նշանակում, թե պետք է մշտապես հանգիստ լինենք, որ Աստված մեզ կների ու կընդունի, և գործենք գիտակցված մեղքեր:
Քրիստոնյայի դարձի ճանապարհը միշտ էլ ուղեկցվում է զղջման ու ապաշխարության խորհուրդներով: Եվ երբ կունենանք առակում նշված երկու որդիներից մեկի ուղին ընտրելու հնարավորությունը, կրկին տանք մեզ աստվածաշնչյան հարցը. «Արդ, երկուսից ո՞վ կատարեց հոր կամքը» (Մատթեոս 21:31):