«Վաղվա քաոսից հնարավոր է խուսափել՝ «Ընտրական օրենսգրքի» սահմանադրականության հարցը քննելով այս փուլում՝ ընտրական վեճերով քննության ժամանակ». Գոռ Հովհաննիսյան

«Իրականում Սահմանադրական դատարանում (ՍԴ) դատավորների մեջ չպետք է լինի վեճ՝ քննարկե՞լ տվյալ հարցը, թե՞ ոչ, կամ ինչպե՞ս քննարկել: ՍԴ-ում նիստը պետք է վարի դատարանի նախագահը, և ինչպես որ ասում է, այնպես էլ պետք է լինի: Ու ես կարծում եմ, որ անգամ եթե նախագահը ինչ-որ մի կարգադրություն անելիս սխալվում է, ոչ մի դատավոր չպիտի ձայն խնդրի, ասի՝ դու սխալ ես անում, սկսեն իրար հետ վիճել: Սահմանադրական դատարանին դա չի սազում ընդհանրապես: Հետո երբ որ կառանձնանան, կարող են քննարկել, պարզել, թե այսուհետ ինչպես են անելու, որ հարցը երբ են քննարկելու, քվեարկելո՞ւ են, թե՞ չեն քվեարկելու»,- ասաց Գերմանիայի Հագենի համալսարանի՝ գերմանական և եվրոպական սահմանադրական և վարչական, ինչպես նաև միջազգային իրավունքների ամբիոնի դոցենտ, իրավագիտության դոկտոր Գոռ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանում (ՍԴ) վերջին արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների՝ 4 քաղաքական ուժերի դիմումների հիման վրա վիճարկման քննության նիստի ընթացակարգային քննարկումներին:

Իրավագիտության պրոֆեսորը պնդում էր՝ եթե անգամ դատարանի նախագահն ընթացակարգային կանոնները չի պահպանում, որովհետև, ասենք, լավ չգիտի, միևնույն է, չի կարելի դատական նիստի ժամանակ, որը նույնիսկ ուղիղ եթերով հեռարձակվում է, հակադարձել նրան. դա շատ վատ տպավորություն է ստեղծում:

«Ես կարող եմ նույնիսկ մի համեմատություն անել գերմանական Դաշնային ՍԴ-ի հետ: Այնտեղ կա մի չգրված օրենք. բոլոր նոր ընտրված դատավորները մի տարի ընդհանրապես ծպտուն չպիտի հանեն նիստերի ժամանակ: Նրանք անգամ հարցեր չեն տալիս: Բնականաբար, օրենքով այդ իրավունքն ունեն, ու բոլոր դատավորները հավասար են, բայց դա դատարանի ներքին չգրված կարգն է: Ընդ որում, Գերմանիայի Դաշնային ՍԴ-ի դատավորներ են նշանակվում պրոֆեսորներ»,- ասաց Գոռ Հովհաննիսյանը:

Վերջինս կարծում է՝ լավ կլիներ Հայաստանի ՍԴ դատավորները համեստ լինեն, որովհետև երբ հատկապես ուղիղ է հեռարձակվում նիստը, դատավորների՝ միմյանց հետ վիճելը շատ վատ տպավորություն է թողնում:

Գոռ Հովհաննիսյանը նաև նշում է, որ իր կարծիքով՝ դատական նիստերը հեռարձակելը սխալ բան է:

«Թեև առաջին հայացքից դա տպավորություն է ստեղծում, որ դա արվում է հասարակական վերահսկողության համար, որ դատավորներն ավելի զգաստ լինեն, բայց իրականում եթե յուրաքանչյուրս մեզ դնենք դատավորի տեղը, երբ գիտես, որ տեսախցիկներն ուղղված են քեզ, դու ավելի շատ խոսում ես տեսախցիկի առաջ, քան կատարում ես քո իրական գործը: Դրա համար տեսախցիկների առկայությունը դատավորին ավելի շատ կաշկանդում է»,- ասաց իրավագիտության պրոֆեսորը՝ հավելելով, որ տարիներ անց դատավորի խոսքը կարող է ինչ-ո մեկը կոնտեքստից կտրել ու շահարկել, իսկ ոչ մի դատավոր չի ուզենա հայտնվել այդպիսի իրավիճակում Դատական նիստերի դահլիճը դռնբաց դատական նիստի ժամանակ ազատ է, և ով ցանկանում է, կարող է գնալ ու լսել այն, բայց ոչ հեռարձակել կամ առհասարակ տեսաձայնագրել:

Ինչ վերաբերում է ՍԴ նիստի ժամանակ կառավարության անդամ 3-րդ կողմի ներկայացուցիչների զարմանքին, որ ՍԴ-ն ընտրական վեճերով կարող է ստուգել «Ընտրական օրենսգրքի» («ԸՕ») սահմանադրականությունը, քանի որ ըստ Գոռ Հովհաննիսյանի՝ ինքնին հասկանալի է, որ եթե «Ընտրական օրենսգիրքը» հակասահմանադրական է, ապա դրա հիման վրա անցկացված ընտրությունների արդյունքն ինքնըստինքյան հակասահմանադրական է, ու այդ ընտրությունների հիման վրա ձևավորված մարմինը (այստեղ՝ Պառլամենտը)՝ ոչ լեգիտիմ, հետևաբար ոչ լեգիտիմ կլինեն հետո այդ պառլամենտի ընդունած բոլոր օրենքները, Հագենի համալսարանի դոցենտն ասաց, որ թե կառավարության ներկայացուցիչները, և թե ՍԴ-ն չգիտեր, որ ընտրական վեճի շրջանակում ՍԴ-ն կարող է ստուգել «Ընտրական օրենսգրքի» սահմանադրականությունը:

«ՍԴ-ում «ԸՕ»-ի սահմանադրականության ստուգման պրոբլեմը կա, և 8 տարի առաջ տված իմ հարցազրույցում ասել էի, որ մեր ՍԴ-ն լրիվ հակառակ մոտեցումն ունի, և անգամ եթե ընտրական վեճերով կողմը միջնորդում է ստուգել «ԸՕ»-ի սահմանադրականությունը, ՍԴ-ն մերժում է այն՝ ասելով, թե օրենքների սահմանադրականության վիճարկման համար մենք առանձին վարույթներ ունենք ու միայն դրանցով կարող ենք որոշել օրենքի սահմանադրականությունը: Սա մոլորություն է և շատ սխալ մոտեցում, ու սրա պատճառը վատ իրավաբանական գիտելիքներն են ու սահմանադրական իրավունքի վերաբերյալ խեղաթյուրված պատկերացումը»,- ասաց Գոռ Հովհաննիսյանը:

Նա պնդում է, որ եթե «ԸՕ»-ն ճանաչվում է հակասահմանադրական, դրա հիման վրա անցկացված ընտրությունների արդյունքները նույնպես այդպիսին են, որովհետև հնարավոր չէ, որ հակասահմանադրական որոշված ձայների հարաբերակցությունը լինի Սահմանադրությանը համապատասխանող:

«Այդ կերպ ձևավորված Խորհրդարանի ընդունած ոչ միայն որոշումներն ու օրենքներն են անվավեր ու ոչ լեգիտիմ, այլև նրա ձևավորած կառավարությունն ինքը՝ իր ամբողջ կազմով: Պատկերացնո՞ւմ եք՝ երկրում ինչ քաոս կսկսվի, եթե պարզվի, որ ընտրություններն անց են կացվել հակասահմանադրական «ԸՕ»-ով: Շատ զարմանալի ու ապշեցնող է, որ իրավաբանը վիճում է ու ասում՝ ինչպե՞ս կարելի է ընտրական վեճերով ստուգել «ԸՕ»-ի սահմանադրականությունը»,- ասաց Գոռ Հովհաննիսյանը՝ հավելելով, որ դիմող կողմի՝ դրա վերաբերյալ միջնորդությունը լրիվ լեգիտիմ էր:

Իրավագիտության պրոֆեսորը թեպետ չգիտի՝ ՍԴ-ն այդ հարցով ինչ որոշում կկայացնի, բայց կարծում է, որ չի շեղվի իր որդեգրած հին մոտեցումից և ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշում կընդունի՝ չստուգելով այդ օրենքի սահմանադրականությունը:

Նա մեկ այլ վտանգ ևս տեսնում է, որ երբ մեկ այլ վարույթով, ենթադրենք, 2 տարի հետո ինչ-որ մեկը դիմի ՍԴ՝ ստուգելու «ԸՕ»-ի սահմանադրականությունը, և ՍԴ-ն ասի, որ այդ օրենքը հակասահմանադրական է, լինելու է այն քաոսը, որից պետք է խուսափել այսօր:

«Վաղվա իրավական քաոսից հնարավոր է խուսափել՝ «Ընտրական օրենսգրքի» սահմանադրականության հարցը քննելով այս փուլում՝ ընտրական վեճերով քննության ժամանակ»,- եզրափակեց Գոռ Հովհաննիսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս