«Արձագանքը մեծ է, թե՛ Գորիսում, թե՛ Գորիսից դուրս մարդիկ պատրաստ են միանալու ստորագրահավաքին, տեսել են Առուշանյանի տարիների աշխատանքը, և կա ձևավորված գնահատանք». Զաքար Խոջաբաղյան
Գորիսում պատրաստվում են ստորագրահավաք սկսել՝ ի պաշտպանություն Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի, քանի որ հուլիսի 16-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, բավարարել էր ՀՔԾ՝ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը: Առուշ Առուշանյանը 2 ամսով կալանավորվել է:
168.am–ի հետ զրույցում բժիշկ, հասարական գործիչ Զաքար Խոջաբաղյանն ասաց, որ Առուշ Առուշանյանին կալանավորելու որոշումից հետո, գաղափար է առաջացել հանդես գալու նման նախաձեռնությամբ, որը ստացել է մեծ արձագանք Գորիսում ու Գորիսից դուրս, մարդիկ պատրաստակամություն են հայտնել միանալու ստորագրահավաքին։
«Քանի որ խոսքը Գորիսի համայնքապետի մասին է, կարևոր է գորիսեցիների միանալը։ Արձագանքը մեծ է, թե՛ Գորիսում, թե՛ Գորիսից դուրս, մարդիկ ասում են, որ պատրաստ են միանալու ստորագրահավաքին, այսինքն՝ տեսել են Առուշանյանի տարիների աշխատանքը, և կա ձևավորված գնահատանք, բնականաբար, սրտացավ են։ Հատկապես այն գործի հանդեպ, որն արվել է և արվում է»,- նշեց Զաքար Խոջաբաղյանը։
Նրա բնորոշմամբ, ներկայիս իշխանություններն Արցախը տվել են թշնամուն ու այնպիսի պահվածք են դրսևորում, կարծես թե ոչինչ էլ չի եղել, և իբր ինչ արել են, ժողովրդի համար են արել, այժմ էլ ինչ սրիկայություն անում են, նույն պատճառաբանությունն են բերում, թե՝ ժողովուրդ ջան, ձեզ համար ենք անում։
«Այս մի քանի տարիների ընթացքում դատարաններում այնքան օրենքի խախտումներ ենք տեսել, դատարանների արգելափակումից ու շրջափակումից սկսած, որ այստեղ խոսել, թե օրենքով ինչ կարող է լինել՝ ստորագրահավաքից հետո՝ անշնորհակալ գործ է։ Չգիտեմ՝ ինչ կլինի, մենք փորձում ենք մեր կողմից ինչ-որ բան անել, եթե ժողովուրդը կանգնում է համայնքապետի կողքին ու ասում, որ պատրաստ է ստորագրություն տալ, ապա դա անուղղակի նշանակում է վստահության քվե այդ համայնքապետին։ Մենք մեր կողմից ինչ-որ բան պետք է անենք, որովհետև մարդիկ զանգում, գրում, հետաքրքրվում են թե ինչ կարող են անել։ Ինչ անելը պետք է անել հնարավորինս գրագետ, կարծում եմ՝ տարբերակներից մեկը ստորագրահավաք անելն է, եթե մարդիկ այլ տարբերակներ կգտնեն, կառաջարկեն, ապա խնդրեմ»,- հավելեց նա։
Նա նաև տեղեկացրեց, որ հնարավորինս արագ կխորհրդակցեն իրավաբանների հետ՝ հասկանալու համար, թե ինչպես կարող են տեքստը ճիշտ ձևակերպել, որից հետո էլ կսկսեն ստորագրահավաքը։
«Այստեղ կարևորն այն է, որ նույնիսկ Գորիսից դուրս գտնվող մարդիկ են ցանկանում միանալ ստորագրահավաքին, մարդիկ, որոնք ուղղակի այս տարիներին հետևել են Գորիսում տեղի ունեցող փոփոխություններին»,- եզրափակեց Զաքար Խոջաբաղյանը։