Նիդերլանդահայ կազմակերպությունները բացատրություն են պահանջել Նիդերլանդների ԱԳՆ-ից դեսպանի՝ Շուշի այցի կապակցությամբ

Նիդերլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը տեղեկացրել է, որ իրենք՝ FAON-ի քարտուղար Ինգա Դրոստի հետ մշտական կապի մեջ են Նիդերլանդների Արտգործնախարարության հետ՝ Բաքվում Նիդերլանդների դեսպանի Շուշի կատարած քարոզչական ուղևորության հարցով և երկար քննարկումներ են ունեցել տարբեր հարցերի շուրջ, հատկապես ռազմագերիների և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ։

Այս ֆոնին դեսպանի այցը գրավյալ Շուշի անհամատեղելի է Նիդերլանդների կառավարության ու խորհրդարանի դիրքորոշումներին, այդ իսկ պատճառով FAON-ը բողոքի նամակ է հղել արտգործնախարարությանը ու բացատրություն պահանջել: Ինչպես հայտնում է «Նիդերլանդական օրագիր»-ը, FAON-ը հետևյալ պարզաբանումն է արել.

«Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON-ը) իր դժգոհությունն է հայտնել Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությանը` Բաքվում Նիդերլանդների դեսպան տիկին Պ. Էյզեմայի Շուշի կատարած քարոզչական այցելության կապակցությամբ, որը կազմակերպվել էր Ադրբեջանի բռնակալ Ալիևի հրահանգով։ Բացի ահռելի ապատեղեկատվություն մատուցելուց, արդեն իսկ պարզ էր, որ իշխանությունները չարաշահելով մասնակիցների ներկայությունը ցանկացել են ստեղծել աջակցության կեղծ տպավորություն։

FAON-ը արտգործնախարությանը հարց ուղղեց պարզաբանել թե ինչպես է կատարվել Նիդերլանդների մասնակցության այս ընտրությունը, առավել ևս, որ վերջերս FAON-ի հետ խորհրդակցության ժամանակ արտգործ նախարարությունը մեկ անգամ ևս շեշտեց, որ նախարարությունը գերակայություն է տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին և քաղաքականությանը (որպեսզի բանակցությունների միջոցով հասնենք հակամարտության խաղաղ կարգավորման) և այլ գործողություններ չձեռնարկել, որոնք կարող են մեկնաբանվել որպես «հակաարդյունավետ», ինչպես օրինակ` խորհրդարանում ընդունված բանաձևերի իրագործումը։
Մինսկի խմբի համանախագահ երկրները` Ֆրանսիան, ԱՄՆ-ը և Ռուսաստանը ակնհայտորեն նպատակահարմար չգտան մասնակցել այս քարոզչական ուղևորությանը և այդ իսկ պատճառով նրանք բացակայում էին։ Ի պատասխան FAON-ի հարցին, նախարարությունը հայտնեց, որ արտգործնախարարությունը դրա մասին նախապես տեղյակ չէր։ FAON-ի կարծիքով այնուամենայնիվ տվյալ պարագայում դրա մասին նախապես չտեղեկանալու փաստը, արդեն իսկ ինքնին դատապարտելի է:

Այնուհետև նախարարությունը պնդում է. «ընդունված է, որ դեսպանները լայնորեն տեղեկացվեն, այդ թվում` Ադրբեջանի կառավարության կողմից։ Հոլանդիան գիտակցում է այն փաստը, որ Ադրբեջանի իշխանություններն են պլանավորել և կազմակերպել այս այցը և այդ ուղևորության ընթացքում մատուցված տեղեկատվությունը միակողմանի է: Դրանով հանդերձ, այցն ունեցել է հավելյալ արժեք` սեփական աչքերով տեսնել իրավիճակը և հանդես գալ սուր հարցերով»։ Ուստի հավելյալ արժեքը կայանում է «սեփական դիտարկման և փորձարկման մեջ»։

Որպես օրինակ, նախարարությունը նշում է, որ սեփական դիտարկմամբ մեկ անգամ ևս պարզ է դարձել, թե ինչքան կարևոր է, որ հնարավորինս շուտ ՅՈՒՆԵՍԿՕ-ն անկախ առաքելությամբ գտնվի այդ տարածքներում։

Վերջապես, նախարարությունը հերքում է, որ Ադրբեջանի իշխանությունները ճնշումներ են գործադրել Նիդերլանդների դեսպանի վրա` մասնակցելու այս ուղևորությանը։ FAON-ը դա ենթադրում է հիմնվելով ադրբեջանցի պաշտոնյայի թվիթի վրա, որտեղ նշված է թե այդ ուղևորության նախօրեին նրա և Նիդերլանդների դեսպանի միջև տեղի է ունեցել լուրջ խոսակցություն։

FAON-ի կարծիքը մնում է անփոփոխ, որ Նիդերլանդների դեսպանի մասնակցությունը եղել է անհարիր և այս կապակցությամբ դեռ կշարունակի կապի մեջ մնալ նախարարության հետ: Միևնույն ժամանակ, մենք հարկավ հետամուտ ենք լինելու թե Հոլանդիան ինչպիսի հետևություն է անելու ձեռք բերված արդյունքներից Ադրբեջանի նկատմամբ իր վարած քաղաքականության մեջ»։

Ավելի վաղ Նիդերլանդների և Բելգիայի ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերը բողոքի նամակներ էին հասցեագրել Ադրբեջանում Նիդերլանդների և Բելգիայի դեսպաններին։

Տեսանյութեր

Լրահոս