Շիրակի մարզում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է բնակչության 4.1 տոկոսը

Շիրակի մարզում մինչ օրս իրականացվել է կորոնավիրուսի դեմ 9904 պատվաստում, որը կազմում է մարզի բնակչության 4.1 տոկոսը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Լեյլի Ասլանյանը հուլիսի 16-ին կայացած մարզային խորհրդի նիստում տեղեկացրել է, որ համավարակի թեժ ընթացքի ժամանակ մարզում ստացիոնար բուժման ծառայություններ են մատուցել Ինֆեկցիոն հիվանդանոցը և Գյումրի բժշկական կենտրոնը։ Մարզում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը այսօրվա դրությամբ կազմում 9582։

Շիրակի մարզպետի հանձնարարականով առողջապահության վարչությունը պատվաստման հրահանգով շրջաբերականներ կուղարկի բոլոր համայնքներին և պետական կառույցներին՝ կոլեկտիվ պատվաստումներ իրականացնելու նպատակով։

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը համայնքապետերին կոչ արեց ցուցաբերել նախաձեռնողականություն՝ կարևորելով բնակչության պաշտպանվածությունը․ «Այս գործընթացին պետք է ըմբռնումով մոտենալ։ Կառավարությունն ամեն ինչ արել է, որ պատվաստումային գործընթացը անխոչընդոտ իրականացվի, մնում է մենք էլ մեր տեղում աշխատենք, որ բնակչության շրջանում հստակ պատկերացում լինի, որ պատվաստման միջոցով հնարավոր կլինի պաշտպանված լինել և կանխել կորոնավիրուսային հիվանդության ծանր ու մահացու դեպքերը»,-նշում է մարզպետը։

Տեսանյութեր

Լրահոս