Չավուշօղլուն հանդիպել է Աֆղանստանի հաշտեցման հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցչին, Աֆղանստանի նախագահին և արտգործնախարարին
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հանդիպել է Աֆղանստանի հաշտեցման հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադին, հայտնում է Ahval թերթը և հավելում, որ հանդիպումը կայացել է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում:
Հանդիպումից հետո Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ «մտքեր են փոխանակել Աֆղանստանի խաղաղ կարգավորման գործընթացի և տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ»:
Բացի դրանից՝ Չավուշօղլուն հանդիպել է նաև Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի և արտաքին գործերի նախարար Հանիֆ Աթմարի հետ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Թուրքիան համաձայնել է, սեպտեմբերին ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումից հետո, վերահսկողություն հաստատել Քաբուլի միջազգային օդանավակայանի վրա՝ ՆԱՏՕ-ի հետ կնքելով 130 միլիոն դոլար արժողությամբ պայմանագիր:
Հայտնի է, որ թուրքական զորքերը 2003 թվականից ի վեր տեղակայված են Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության ներքո, սակայն մարտական գործողությունների չեն մասնակցում: Չմերժելով «Թալիբան»-ի և կառավարության միջև Քաբուլում խաղաղ բանակցություններ վարելու վերաբերյալ Վաշինգտոնի խնդրանքը՝ Անկարան հակամարտության մեջ ավելի ակտիվ դիվանագիտական դեր է ստանձնել այս տարվա սկզբից։
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների զորքերի դուրսբերմանը զուգահեռ թալիբները գրավել են երկրի զգալի մասը`վերահսկողություն սահմանելով Տաջիկստանի հետ սահմանի գրեթե ամբողջ երկայնքով: