
Սերգեյ Սմբատյանը՝ Կամերային երաժշտական թատրոնի շենքը սիմֆոնիկ նվագախմբին տրամադրելու խոսակցությունների մասին

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական և Պետական կամերային երաժշտական թատրոնները միավորելու որոշման նախագիծ է մշակվում։ Տեղեկությունը հայտնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը՝ ընդգծելով, որ թատրոնների միացման գործընթացը կիրականացվի միայն կառավարության որոշումից հետո:
«Որոշումն ընդունվելուց հետո Պետական կամերային երաժշտական թատրոնի շենքը կտրամադրվի սիմֆոնիկ նվագախմբին: Այսօր բազմաթիվ պետական կոլեկտիվներ, այդ թվում՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, սեփական հարկի բացակայության պատճառով փորձեր և ստեղծագործական աշխատանք իրականացնում են անբարենպաստ պայմաններում. սա ևս թատրոնների միավորման պատճառներից մեկն է: Նույն խնդիրն ունեն նաև պետական երգչախմբերն ու երգի-պարի համույթները:
Պետության ռեսուրսները չեն բավարարելու առաջիկա տարիներին նոր համերգասրահ կառուցելու և այդպիսով Սիմֆոնիկ նվագախմբի, պարային համույթների հարցը լուծելու համար: Փոխնախարարը վստահեցնում է՝ Հ․ Պարոնյանի անվան և Պետական կամերային երաժշտական թատրոնների միավորումը ռեսուրսների ամենաարդյունավետ օգտագործման ճանապարհն է, և ոչ թե բյուջեի կրճատման հարցի լուծում: Պրոֆեսիոնալ գործունեության համար ստեղծվում են ավելի լավ պայմաններ. «Վստահ եմ, որ սա չի վնասում, այլ օգուտ է բերում ստեղծագործական խմբին»,- ասել է նա։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք իրենք են շենքի ընտրությունը կատարել, թե՞ նախարարությունն է առաջարկել, ու այլ տարբերակներ եղե՞լ են առաջարկված, թե՞ ոչ:
Ի պատասխան՝ Ս․ Սմբատյանն ասաց․ «Մենք ընտրություն չենք կատարել: Խնդրում ենք, որ նվագախումբը տեղ ունենա»:
Նա նշեց, որ նվագախումբը 15 տարի է՝ չունի փորձ անելու վայր, և այդ խնդիրները մեկ օր պետք է կարգավորվեն: Հետևաբար՝ նվագախմբին պետք է տարածք՝ աշխատելու, փորձեր կատարելու համար: