
Աֆղանստանի օդուժը դադարեցրել է գործողությունը Պակիստանի հետ սահմանին

Աֆղանստանի ռազմաօդային ուժերը դադարեցրել են Պակիստանի հետ սահմանին Սփին Բոլդաք բնակավայրը «Թալիբան» արմատական շարժման զինյալներից ազատելու գործողությունն Իսլամաբադի կողմից նախազգուշացումից հետո: Հուլիսի 16-ին այդ մասին հայտնել է TOLO News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Աֆղանստանի կառավարության մի աղբյուր: Սփին Բոլդաքում (Ղանդահարի նահանգ) գործողությունը դադարեցվել է Պակիստանի ռազմաօդային ուժերի միջամտության ռիսկի պատճառով: Աֆղանստանի առաջն փոխնախագահ Ամրուլլա Սալեհը հուլիսի 16-ին հայտարարել է, որ Իսլամաբադը Քաբուլին ծանուցել է մարտական օդուժի կիրառման հնարավորության մասին, եթե աֆղանական ուժերը փորձեն թալիբներին դուրս մղել «Սփին Բոլդաք» հսկիչ անցակետից:
Պակիստանը հուլիսի 16-ին հերքել է այդ տեղեկությունները: «Հակառակ Աֆղանստանի փոխնախագահի պնդման Պակիստանի ռազմաօդային ուժերը երբեք ոչինչ չեն հաղորդել Աֆղանստանի ռազմաօդային ուժերին»,- ասված է Պակիստանի ԱԳ նախարարության Facebook-ում զետեղված հաղորդագրության մեջ: Գերատեսչությունում ճշտել են, որ Քաբուլն Իսլամաբադին ծանուցել է Պակիստանի հետ սահմանին Չաման բնակավայրի շրջանում ռազմաօդային գործողություն կատարելու մտադրության մասին:
Պակիստանը «դական է արձագանքել իր տարածքում գործելու՝ Աֆղանստանի կառավարության իրավունքին», չնայած այն բանին, որ պետական սահմանին այդքան մոտ ռազմական գործողությունները սովորաբար թույլ չեն տրվում միջազգային պրակտիկայում: Հուլիսի 14-ին հայտնի է դարձել, որ «Թալիբան» շարժումը գրավել է Պակիստանի հետ սահմանին «Սփին Բոլդաք» – Չաման» անցման հիմնական կետը Ղանդահարի նահանգում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: