Բաժիններ՝

«Կարող ես հաղթել պատերազմի դաշտում, սակայն պարտվել դիվանագիտության սեղանի շուրջ. Ալիևը մարտահրավեր է նետում համաշխարհային դիվանագիտությանը». Regnum

Հայտնի կովկասագետ Ստանիսլավ Տարասովն Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ Regnum կայքում հրապարակել է ծավալուն հոդված` «ԵԱՀԿ ՄԽ գործոն. Ալիևը սկսում է պարտվել Փաշինյանին» վերտառությամբ:

Հոդվածագիրը նշում է, որ Ռուսաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում «ստեղծարար» բնույթ ունի, և դա չի բացառում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի փոփոխման հնարավորությունը: Մոսկվան կարծում է, որ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի քաղաքական ռեսուրսն այս ոլորտում դեռ սպառված չէ: Ի վերջո, հակամարտությունն ինքնին չի լուծվել: Բայց առայժմ Ռուսաստանը կարծես չի համարձակվում ինքնուրույն խաղալ:

Այնուհետև Տարասովը հիշեցնում է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:

«Ինչպես տեղեկացրել են Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունից, Բլինկենը «շնորհավորել է Հայաստանի ժողովրդին ընտրությունների անցկացման կապակցությամբ, որոնք տեղի են ունեցել հունիսի 20-ին»: Բայց այս իրադարձությունը ընդգծված ուշադրություն է գրավել այլ պատճառով: Պետքարտուղարը շեշտել է, որ Վաշինգտոնը «սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից իրականացվող գործընթացին, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական քաղաքական կարգավորմանը», և կոչ է արել Հայաստանին «կառուցողական համագործակցել ԵԱՀԿ-ի գծով»:

ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը հանդես է եկել ավելի ծավալուն տեղեկատվությամբ` նշելով, որ Բլինկենը «հատուկ շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը վերսկսելու կարևորությունը` ընդգծելով խաղաղ գործընթացի հստակ օրակարգի մշակման անհրաժեշտությունը, որը թույլ կտա գտնել խնդրի տևական և երկարաժամկետ լուծում»:

Բացի այդ, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը, հանդիպելով Փաշինյանին, հայտարարել է, որ «Ղարաբաղյան հակամարտությունը չի լուծվել, և որ այդ կարգավորումը հնարավոր է միայն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական որոշումից հետո»:

Եվ վերջապես, մեծ աղմուկ է բարձրացրել Բաքվում Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ֆրանսիայի դեսպանների՝ Ադրբեջանի հրավերով երկրում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ Շուշա (Շուշի) քաղաք այցելելու հրավերից հրաժարումը: Այսինքն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դեսպանները համերաշխություն են ցուցաբերել այս ուղղությամբ, ինչն ընկալվում է որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնախնդիրների ընդհանուր մոտեցմանը հավատարիմ մնալու համաձայնություն: Սա սուր հակադրություն է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունների ֆոնին, թե «Երևանը, Սյունիքը և Սևանը Ադրբեջանի պատմական հողերն են», որ «Ադրբեջանի տարածքում չկա Լեռնային Ղարաբաղ կոչվող տարածքային միավոր, այլ կա Ղարաբաղ», որ «սկսվել է շինարարության նոր դարաշրջան՝ հետկոնֆլիկտային շրջան» և որ «հայ-ադրբեջանական, Ղարաբաղյան հակամարտությունը գտել է իր լուծումը»:

«Եթե ինչ-որ մեկն ասում է, որ հակամարտությունը լուծված չէ», – հռետորական կերպով ասում է Ալիևը,- «ապա թող նա նշի, թե ինչպես է տեսնում դրա լուծումը»: Խնդիրն այն է, որ Ալիևը ոչ մի կերպ չի կարողանում հեռանալ «հաղթական հռետորաբանությունից», և Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ հանդես է գալիս ուժի դիրքերից, այն դեպքում, երբ 2020 թվականի նոյեմբերի 9-ի խաղաղության համաձայնագրից հետո նա պետք է օգտագործեր «փափուկ ուժի» հնարքներ:

Եթե Բաքուն ի վիճակի չէ դա անել, ապա նրա փոխարեն դա կանեն մյուսները, առաջին հերթին Մինսկի խմբի համանախագահ երկրները: Սա այբուբենն է, որն ասում է, որ «պատերազմի դաշտերում կարող ես պատերազմում հաղթել և պարտվել դիվանագիտության սեղանների շուրջ»:

Եվ այս պարագայում Ադրբեջանը մարտահրավեր է նետում համաշխարհային դիվանագիտությանը՝ ըստ էության արգելափակելով ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի սկիզբը, մինչդեռ Երևանը պատրաստ է հետևել համանախագահող երկրների հայտարարությանը, որով հակամարտության կողմերին կոչ է արվել առաջին իսկ հնարավորության դեպքում վերսկսել բարձր մակարդակի հանդիպումները միջնորդների հովանու ներքո: Բայց արդյոք դա հնարավո՞ր է: Նախևառաջ նշենք, որ Ռուսաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում «ստեղծարար» բնույթ ունի, և դա չի բացառում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի փոփոխման հնարավորությունը: Մոսկվան կարծում է, որ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի քաղաքական ռեսուրսն այս ոլորտում դեռ սպառված չէ: Մինսկի խումբը և նրա համանախագահները պետք է նպաստեն հակամարտության երկարաժամկետ և կայուն կարգավորման բանակցություններին: Հարցը չի լուծվել, և Մոսկվան, կարծես, 2020 թվականի նոյեմբերի 9-ի խաղաղության համաձայնագրից այն կողմ ինքնուրույն խաղին չի համարձակվում:

Ուստի բաց է մնում հարցն առ այն, թե ինչպես և ինչ պայմաններում ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է վերսկսել իր միջնորդական առաքելությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու համար, այն պարագայում, երբ, ինչպես գտնում է ռուս փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը, «հին ստատուս-քվոն արմատապես կոտրված է, բայց նորը դեռ չի կայացել», դրա ձևավորումը տեղի է ունենում, ինչպես ասում են, «ներկայացման ընթացքում», որը գնալով ավելի դրամատիկ է դառնում Մինսկի խմբի գործունեության վերսկսման հնարավորությունների տեսանկյունից:

Միևնույն ժամանակ, Մոսկվան հայտարարում է, որ իր խաղաղապահները գտնվում են Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքում, և իրականում հենց Ռուսաստանն է հանդես գալիս որպես Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավոր: Ալիևի հայտարարությունների համատեքստում, որ «Ղարաբաղյան հակամարտությունն ավարտված է», տրամաբանորեն կարելի է ենթադրել, որ Մոսկվայի և Բաքվի միջև հնարավոր է` անցում կատարվի երկկողմ համաձայնագրերին` Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գտնվելու վերաբերյալ, ներառյալ, հնարավոր է, Ստեփանակերտի միջանկյալ կարգավիճակը, Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմական վիճակի դադարեցման կամ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև կապի միջանցքի մասին համաձայնագրի կնքում:

Տեսականորեն ոչինչ դրան չի խանգարում: Եթե գործարկվի նման սցենար, ապա Մինսկի խմբի` նախկին ձևաչափով գործունեության անհրաժեշտությունը կվերանա կարգավորման նոր գործոնների ի հայտ գալու պատճառով: Բայց Ալիևը խոչընդոտում է այս ճանապարհին՝ վարվելով կոպիտ, իսկ նրա առաջարկած հետագա գործողությունների հնարավոր տարբերակը համաշխարհային դիվանագիտության կողմից աջակցություն չի գտնում: Իրավիճակը կարող է էլ ավելի սրվել, եթե Բաքուն սկսի իրագործել Ադրբեջանի ԱԳՆ նախկին ղեկավար Տոֆիկ Զուլֆուգարովի` Մինսկի խմբի համանախագահող երկրների դիվանագիտական առաքելությունները բոյկոտելու առաջարկը»,-եզրափակել է Տարասովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս