«Ինչո՞ւ հենց սյունեցիները, ինչո՞ւ հենց այն տղաները, ովքեր իրենց կյանքով նվիրված են այս հայրենիքին․ որովհետև մեջտեղում Սյունիքի, թուրքի «պրախոդի» հարց կա». Արարատ Աղաբեկյան
Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, իշխանությունների հրահանգով Սյունիքի մի շարք համայնքապետեր ձերբակալվել են, այս պահին ձերբակալված են Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը, Որոտանի գյուղապետ Սուրեն Օհանջանյանը, Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը, Քաջարանի և Սիսիանի համայնքապետեր Մանվել Փարամազյանը և Արթուր Սարգսյանը։
Միջնորդություն է ներկայացվել նաև Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին ձերբակալելու համար։
168.am-ի հետ զրույցում շուռնուխեցի Աշխարհապետը՝ Արարատ Աղաբեկյանը, անդրադառնալով սյունեցի համայնքապետերի նկատմամբ իրականացվող հետապնդումներին՝ նախ նշեց, որ իրենք որևէ սխալ բան չեն անում, պարզպես տեր են կանգնում իրենց հողերին, որը որևէ մեկը չի կարող տնօրինել։
«Լավ, 5-10 հոգու բռնեցին, նեղություն տվեցին, դրանով հա՞րց են լուծում, կամ ինչի՞ համար են նման բան անում։ Գոնե ասեն, բացատրեն, թե ինչո՞ւ են նման բան անում։ Այս սուտ մեղադրանքներով, կեղծիք-մեղծիքով ի՞նչ են անում, ազգիս թատրոնը քիչ է, եղած իրավիճակը քիչ է, սա էլ մեր գլխին նոր թեմաներ են բացում։ Երասխում զոհ ունեցանք, նոր գերիներ թշնամին տարավ, Արցախում կրակում են․․․ Այսինքն՝ թշնամին օրեցօր ակտիվանում է, սա թող տեսնեն իշխանությունները, սրա մասին թող մտածեն»,- նշեց Ա. Աղաբեկյանը։
Հարցին՝ մտավախություններ չունի՞, որ իր նկատմամբ նույնպես նման գործընթացներ կսկսվեն, քանի որ բազմիցս քննադատել է իշխանությունների գործողությունները, մեր զրուցակիցը պատասխանեց, որ սյունեցի համայնքապետերի հետ իրենց «արյունը մեկ է», ինչպես մնացած տղերքը, այնպես էլ՝ ինքը, ինչ ուզում են՝ թող անեն, իրենց բոլորի նպատակն ու միտքը նույնն է՝ մեկ միաբանության մարդիկ են, նվիրված իրենց հողին ու ջրին։
«Սյունեցի համայնքապետերն իմ մարտական ընկերներն են, իրենց ցավը տանեմ, Աստված մեծ է, մի լույս հաստատ կբացվի։ Ինչո՞ւ հենց սյունեցիները, և ինչո՞ւ հենց այն տղաները, ովքեր իրենց կյանքով նվիրված են այս հայրենիքին․․․ այո՛, սա այսպես էլ պետք է լիներ, որովհետև մեջտեղում Սյունիքի, թուրքի «պրախոդի» հարց կա, ինքս այդպես եմ կարծում, տա Աստված, որ սխալվեմ, թող այն, ինչ ես մտածում եմ՝ սխալ լինի»,- հավելեց նա։
Արարատ Աղաբեկյանը զարմացած է, թե այսքանից հետո ինչպե՞ս կարող են մարդիկ հանգիստ նստեն ու տեսնեն, թե ինչպես են սահմանին զինվորներ զոհվում, գերեվարվում, իսկ այն տղաներին, ովքեր զենքը ձեռքին կանգնած էին սահմաններին՝ ձերբակալում են։
Այս համատեքստում անդրադառնալով նաև Ալիևի հերթական հայտարարությանը, թե «Զանգեզուրը, Սևանը և Երևանը ադրբեջանական հողեր են», նա նկատեց.
«Ես մի քիչ չարացած եմ ասում, թող ինձ ների իմ ժողովուրդը, բայց այս ննջած հասարակության համար եմ ասում՝ Ալիևն ամեն ինչ պետք է սկսեր Երևանի բուն կենտրոնից, վերջում նոր Սյունիք անունը տար, որ ի վերջո մեր մայրաքաղաքն արթնանար, դուրս գար այս կոլապսից, այս կլինիկական մահից, սթափ մտածեր։ Չնայած Երևանի 12-րդ հարկի բնակիչը էլի տեղից չի շարժվի, կմտածի՝ թուրքը մինչև հասնի 10-րդ հարկ, հոգնելու է, մինչև 12-րդ հարկ չի բարձրանա, այ այս աստիճանի ննջած հասարակություն ունենք։ Թե իմ ազգն ինչու այսպես դարձավ՝ չգիտեմ։ Երկրորդը՝ Ալիևն ո՞ւմ շունն է, որ նման բան ասի, մի խելքից թռած, փախածն էլ նա է։ Նախ, ախորժակն ուտելուց է բացվում, բաց 240 կիլոմետրի նահանջ տաս, ու առանց որևէ շխկոցի ու թխկոցի՞, սա անընդունելի բան է, սա հետևանք է լուրջ նպատակների»։
Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերին, Արարատ Աղաբեկյանը ժողովրդական ասացվածք հիշեցրեց. «Հույսներդ դրեք Աստծո վրա, բայց վառոդը միշտ չոր պահեք»․ իմ կոչը սա է իմ ազգին»։