Դատարանը 15։00–ին կքննի Սիսիանի համայնքապետին կալանավորելու վերաբերյալ Քննչական կոմիտեի միջնորդությունը
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ հուլիսի 16–ին, ժամը 15։00–ին կքննվի Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանին կալանավորելու վերաբերյալ Քննչական կոմիտեի միջնորդությունը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սարգսյանի փաստաբան Էմին Խաչատրյանը։
Նշենք, որ նախօրեին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու եւ կալանավորելու թույլտվություն ստանալու դատախազության միջնորդությունները։
Հիշեցնենք, որ Սիսիանի համայնքապետը «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու է: Նա կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ ՔՕ 314-րդ հոդվածի առաջին մասով (պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաեւ կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը):