Մոսկվայում հորդառատ անձրևների պատճառով հեղեղվել է «Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղին
Մոսկվայում հորդառատ անձրևները հեղեղել են «Շերեմետևո» օդանավակայանը: Ինչպես փոխանցում է «Մեդուզա» գործակալությունը, ականատեսները տեսանյութեր են հրապարակում սոցցանցերում` ներկայացնելով, թե ինչպես է թռիչքուղին ամբողջովին ողողվել ջրով:
Հեղեղվել է նաև օդակայանի ստորգետնյա կայանատեղին:
Դատելով ժամանումների ժամատախտակից` որոշ չվերթներ եղանակային վատ պայմանների պատճառով չեն կարողացել վայրէջք կատարել «Շերեմետևոյում» և ուղղությունը փոխել են դեպի այլ օդակայաններ, այդ թվում` Սանկտ Պետերբուրգի, Նիժնի Նովգորոդի, Հելսինկիի, ինչպես նաև Մոսկվայի «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդակայաններ:
Բացի այդ, հետաձգվել է ավելի քան 20 տեղական և միջազգային չվերթ:
Արտակարգ ծառայություններից հայտնել են, որ անձրևների հետևանքով հեղեղվել են տասնյակ ճանապարհներ և փողոցներ, երկու տասնյակ ծառեր են ընկել, վնասվել են մի քանի կայանված մեքենաներ:
Մոսկվայի իշխանությունները զգուշացրել են, որ անձրևները շարունակվելու են: