ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանին ՀՀ-ն մանրամասն ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքները

Ժնևում 2021թ-ի հունիսի 21-ից հուլիսի 14-ը տեղի է ունեցել ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 47-րդ նստաշրջանը:

ՀՀ Մշտական ներկայացուցչությունը նստաշրջանի ընթացքում հանդես է եկել 37 ելույթներով, որոնցում մասնավորապես ներկայացրել է Հայաստանում մարդու իրավունքների և օրենքի գերակայության հանձնառության ուղղությամբ իրականացված քայլերը, մասնակցել է կանանց իրավունքերի, խտրականության, ռասիզմի, այլատյացության ու անհանդուրժողականության դեմ պայքարի, արտադատական ու կամայական մահապատիժների դեմ պայքարի, խոսքի ու հավաքների ազատության, կլիմայի փոփոխության, կրթության իրավունքի, թրաֆիքինգի, ներքին տեղահանված անձանց ու միգրանտների, ԿՈՎԻԴ-19 համավարակի ազդեցության վերաբերյալ քննարկումներին։

ՄԱԿ գլխավոր քարտուղարի ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի հետ քննարկման ժամանակ Հայաստանի մշտական ներկայացուցչությունն անդրադարձել է այս ուղղությամբ իրականացվող միջազգային հանրության ջանքերում մեր երկրի ներդրմանը։ Հատուկ խորհրդականի մասնակցությունը ՄԻԽ նստաշրջանին ամրագրված էր Հայաստանի կողմից հեղինակված և ՄԻԽ կողմից նախորդ տարի ընդունված Ցեղասպանության կանխարգելման մասին համար 43/29 բանաձևով։

Մի շարք քննարկումների առարկա է՝ դարձել ձեռնարկատիրությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը՝ դրան վերաբերող ՄԱԿ ուղենշային սկզբունքների հաստատման 10-ամյակի առթիվ։ Տոկիոյի օլիմպիական խաղերին ընդառաջ՝ ՄԻԽ հատուկ պանելային քննարկում է գումարվել «Մարդու իրավունքների տարածումը սպորտի և օլիմպիական գաղափարների միջոցով» խորագրի ներքո։ ՄԻԽ-ը նաև անդրադարձել է առանձին երկրներում մարդու իրավունքների իրավիճակին:

Նստաշրջանի ընթացքում ՀՀ ներկայացուցչությունը մանրամասն լուսաբանել և ՄԱԿ անդամ երկրների ու համապատասխան կառույցների ուշադրությունն է հրավիրել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքներին, իրականացրած պատերազմի հանցագործություններին, մարդու իրավունքների միջազգային իրավապայմանագրային համակարգի և միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումներին: Ներկայացվել են հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց դեմ շինծու մեղադրանքների հիման վրա անցկացվող թատերականացված դատավարությունները, հայկական մշակութային ու կրոնական ժառանգության ոչնչացումը, Ադրբեջանում հայերի հանդեպ ամենաբարձր պետական մակարդակով տարվող համակարգված ռասիստական քարոզչությունը և դրա անընդունելի դրսևորումները, այդ թվում վերջերս բացված այսպես կոչված «Ռազմավարի պուրակը»: Շեշտվել է, որ Ադրբեջանը արհամարհում է միջազգային դատական ատյանների որոշումները, ինչպես նաև ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի, ինչպես նաև ՄԱԿ հատուկ ընթացակարգերի կոչերը և հստակ հարցադրումները, որոնք շարունակաբար անպատասխան են մնում: Նշվել է նաև, որ Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության հանդեպ համարժեք միջազգային արձագանքի պակասը հանգեցրել են վերջինիս կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ նկրտումների ու ոտնձգությունների: Վերոնշյալ հարցերի շուրջ ելույթներ ունենալուց բացի, Հայաստանի մշտական ներկայացուցչությունը տարածել է նաև մի շարք հայտագրեր։

ՄԱԿ մարդու իրավունքների հատուկ ընթացակարգերի և հետաքննող մեխանիզմների հետ քննարկումների ընթացքում ՀՀ պատվիրակությունը անդրադարձել է Ադրբեջանի կողմից և Թուրքիայի աջակցությամբ զինյալ ահաբեկիչների և վարձկանների ներգրավմանը Արցախի ժողովրդի դեմ հրահրված պատերազմում։ Հայաստանը պնդել է, որ բազմաթիվ աղբյուրներից ստացված և մի շարք պետությունների կողմից պաշտոնապես հաստատված այս փաստերը պետք է մանրակրկիտ միջազգային հետաքննության առարկա դառնան:

ՄԻԽ 47-րդ նստաշրջանում Հայաստանը համահեղինակել է մի շարք կարևոր բանաձևեր՝ այդ թվում քաղաքացիական հասարակության ներգրավման, հաշմանդամություն ունեցող աղջիկների և կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի, կրթության իրավունքի, մարդու իրավունքների վրա կոռուպցիայի ազդեցության, թվային տեխնոլոգիաների և համացանցի զարգացման համատեքստում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ:

Մարդու իրավունքների խորհրդի հաջորդ՝ 48-րդ հերթական նստաշրջանը տեղի կունենա 2021թ-ի սեպտեմբերի 13-ից հոկտեմբերի 1-ը:

Տեսանյութեր

Լրահոս