«Միանշանակ անհիմն վարույթ է հարուցվել. Դավիթ Գրիգորյանն Աննա Դանիբեկյանի վարույթում գտնվող գործով չէ մեկնաբանություն տվել». դատավորի ներկայացուցիչ Գեորգի Մելիքյան

Այսօր՝ ժամը 15:00-ին, Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) տեղի կունենա Երևան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ նիստը: Միջնորդությունը ներկայացրել է արդարադատության նախարարը. Այսօր կկայանա Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ առաջին նիստը:

168.am-ի հետ զրույցում Դավիթ Գրիգորյանի ներկայացուցիչ, փաստաբան Գեորգի Մելիքյանն ասաց, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար դիմող կողմը հիմք է ընդունել ս/թ մարտի 30-ին armdaily.am կայքում հրապարակված հարցազրույցը վերջինիս հետ:

«Ես համոզված էի, որ ՍԴ-ն կայացնելու է օբյեկտիվ դատական ակտ, քանի որ իմ կողմից դիմումում կոնկրետ հարց էր բարձրացվել որոշակիության հետ կապված»,- ասել էր դատավորը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի կողմից ենթադրյալ սահմանադրական կարգի տապալման ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը Սահմանադրությանը հակասող ճանաչելու որոշմանը:

Հիշեցնենք, որ հենց Դավիթ Գրիգորյանը 2019թ․ մայիսի 18-ին կասեցրեց Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի քննությունը և դիմեց Սահմանադրական դատարան։ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց, իսկ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ օրեր անց քրեական գործ հարուցվեց՝ մեկ այլ գործով պաշտոնեական կեղծիք կատարելու հոդվածով։ Դավիթ Գրիգորյանի վարույթում գտնվող բոլոր գործերը համակարգչային ծրագրի միջոցով վերաբաշխվեցին այլ դատավորների։

Նշված հարցազրույցում, անդրադառնալով մեղադրանքի վերաորակման հնարավորությանը, դատավորը նշել է, որ մեղադրանքը վերաորակում են, երբ մեղադրանքը առկա է, քրեական դատավարության 309.1 հոդվածի սահմանված հիմքով:

«Բայց այս դեպքում, երբ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչվել է հակասահմանադրական՝ դա նշանակում է, որ տվյալ պայմաններում մեղադրանք գոյություն չունի, իսկ եթե մեղադրանք գոյություն չունի՝ վերաորակման մասին խոսելն ավելորդ է։ Պատկերացրեք, որ հիմա ինչ-որ մեկին մեղադրեն չգործող հոդվածներից մեկով, հետո փորձեն այդ մեղադրանքը վերաորակել։ Եթե չգործող հոդվածով մեղադրանք են առաջադրում, դա չեղա՞վ, որ այդ մեղադրանքի համար հոդված գոյություն չունի։ Դրանք փոխկապակցված են միմյանց հետ։ Անձին պետք է Քրեական օրենսգրի համապատասխան հոդվածով մեղադրանք առաջադրվի։ Եթե այդ հոդվածը գոյություն չունի, ուրեմն մեղադրանք էլ չի կարող գոյություն ունենալ։ Այս պայմաններում մեղադրանքի փոփոխման մասին խոսելն ավելորդ է, որովհետև մեղադրանք այլևս գոյություն չունի, որովհետև մեղադրանքի հիմքում ընկած քրեական օրենսգրքի հոդվածը գոյություն չունի»,- ասել էր Դավիթ Գրիգորյանը:

Դատավորի ներկայացուցչի խոսքով՝ հենց այս միտքն է դարձել կարգապահականի համար առիթ ու պատճառ:

«Դավիթ Գրիգորյանն այդ հարցազրույցում որոշակի կարծիք է հայտնել, որը դիտարկել են՝ որպես դատավոր Աննա Դանիբեկյանի վարույթում գտնվող գործին հնարավոր միջամտություն: Հենց այս հիմքով են հարուցել կարգապահական վարույթ»,- ասաց Գեորգի Մելիքյանը:

ԲԴԽ-ում, բացի Գեորգի Մելիքյանից, Դավիթ Գրիգորյանին կներկայացնի նաև իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը:

«Միանշանակ անհիմն վարույթ է հարուցվել: Դավիթ Գրիգորյանն Աննա Դանիբեկյանի վարույթում գտնվող գործով չէ մեկնաբանություն տվել: Սա ըստ էության առաջին նախադեպային իրավիճակն էր, երբ ՍԴ-ն ապաքրեականացնում է որևէ հոդված, և դատավորին ուղղված հարցն էլ դրա վերաբերյալ է եղել, ինչին Դավիթ Գրիգորյանը պատասխանել է՝ չկա հանցագործություն, չկա մեղադրանք»,- ասաց Գեորգի Մելիքյանը՝ տարակուսելով, թե ինչ կապ ունի սա Աննա Դանիբեկյանի վարույթում գտնվող գործի հետ:

Դավիթ Գրիգորյանի ներկայացուցիչը նշեց, որ ընդհակառակը, Դավիթ Գրիգորյանը նույն այդ հարցազրույցում հրաժարվել է պատասխանել հարցին, թե ինչ է կարծում, ի՞նչ պետք է անի դատավոր Դանիբեկյանը՝ արդյո՞ք պետք է կարճի գործը։

«Այդ հարցին ես չեմ պատասխանի, որովհետև կստացվի, որ ես անուղղակիորեն միջամտելու եմ այսօր մեկ այլ դատավարի վարույթում գտնվող քրեական գործին»,- ասել էր Դավիթ Գրիգորյանը:

Տեսանյութեր

Լրահոս