«Ապշելու է, թե ինչպիսի սինխրոնիզացված աշխատանք է կատարվում Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունների և մեր գործող իշխանությունների քայլերի միջև». Աննա Գրիգորյան
ԱԺ անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանի խոսքով՝ Սյունիքի համայնքապետերի նկատմամբ իրականացվող հետապնդումը պետք է ընկալել` որպես անձնական վրեժխնդրություն։
«Ես առանց ավելորդ պաթոսի եմ սա ասում, չդիտարկենք այն համատեքստում, որ համայնքապետերn իմ գործընկերներն են, իմ կուսակից ընկերներն են։ Համայնքապետերն ամբողջ պատերազմի ժամանակ եղել են առաջնագծում. Օրինակ` Գորիսի համայնքապետը, որն այսօր ձերբակալվում է: 2019 թվականին Գորիսը ճանաչվել է լավագույն համայնք։ Վարչապետը, երբ պատերազմի ժամանակ գնացել էր Սյունիք և ասել, թե՝ եկեք կազմակերպենք Սյունիքի ինքնապաշտպանությունը, բոլոր համայնքապետերը մեկտեղվել էին և գնացել էին ապահովելու Սյունիքի անվտանգությունը։ Այս մարդկանց նկատմամբ է իրականացվում նման հետապնդումը, որն անթույլատրելի է։ Նախևառաջ սա մանր վրեժխնդրություն է նրա համար, որ համայնքապետերն ասում էին, որ Հայաստանը հերթական կորուստներն է ունենալու, այդ պատճառով էլ իշխանությունը պետք է հեռանա»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Աննա Գրիգորյանը։
Այս ամենը նա նաև դիտարկեց Ալիևի հայտարարությունների համատեքստում, երբ Ադրբեջանի նախագահն ասում է, թե Սյունիքը «պատմականորեն ադրբեջանական հող է», դրան զուգահեռ՝ ՀՀ իշխանությունները գլխատում են Սյունիքի համայնքները, որպեսզի այնտեղ տանեն իրենց խամաճիկ ներկայացուցիչներին։
«Ապշելու է, թե ինչպիսի սինխրոնիզացված աշխատանք է կատարվում Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունների և մեր գործող իշխանությունների քայլերի միջև»,- հավելեց պատգամավոր Գրիգորյանը։