Վերջին 2 ամիսներին հայ-ադրբեջանական սահմանին երկու զոհ ենք ունեցել. հրավիրում եմ ՀԱՊԿ ուշադրությունն այս փաստի վրա. Նիկոլ Փաշինյան
«Ադրբեջանը փորձում է ներկայացնել, թե Հայաստանը դեմ է և խոչընդոտում է սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին: Իրականությունը ուղիղ հակառակն է: Այդ Ադրբեջանն է դեմ սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին, որովհետև ասպարեզ է բերել ակնհայտորեն կեղծված քարտեզներ՝ փորձելով հիմնավորել իր զինված ուժերի ներկայությունը Հայաստանի ինքնիշխան տարածքի մի շարք հատվածներում՝ մասնավորապես, հայ-ադրբեջանական սահմանի Սոթք, Խոզնավար հատվածի մի շարք տեղանքներում»,- կառավարության հերթական նիստի մեկնարկին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով պաշտոնական Բաքվից հնչող հայտարարություններին:
Փաշինյանի խոսքով՝ այս հարցի վերաբերյալ ևս, ինչպես միջազգային հանրությունը, այնպես էլ՝ Հայաստանը, հայտնել են իրենց դիրքորոշումը, որն է՝ տվյալ տարածքներից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումը, սահմանագծից և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի զինված ուժերի հայելային ետքաշում մշտական տեղակայման վայրեր, սահմանագծի վրա ռուս սահմանապահների և/կամ միջազգային դիտորդների տեղակայում և միջազգային հովանու ներքո սահմանագծման և սահմանազատման աշխատանքների նախապատրաստություն և մեկնարկ:
«Մեր այս առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ, և մենք մեր գործընկերների, մասնավորապես՝ ռուսաստանցի գործընկերների հետ աշխատում ենք այս ուղղությամբ, իսկ Ադրբեջանը որևէ կերպ չի արձագանքել այս հայտարարությանը և առաջարկին»,- նշեց Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանը փորձում է տպավորություն ստեղծել, թե Հայաստանը դեմ է խաղաղությանը և խաղաղության պայմանագրին, մինչդեռ Հայաստանը մի քանի անգամ հրապարակային ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ապրիլի 13-ի հայտարարությունը:
«Եթե մենք ուշադիր դիտարկենք Ադրբեջանի գործողություններն ու հայտարարությունները, կտեսնենք, որ այդ երկիրը տարածքային նկրտումներ ունի իր հարևանների մեծամասնության նկատմամբ, և սա մեր տարածաշրջանային կայությունն ու խաղաղությունը կասկածի տակ դնող հիմնական գործոնն է: Անկախ ամեն ինչից, Հայաստանը բոլոր հնարավոր և անհնար միջոցներով պաշտպանելու է իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ հայ-ռուսական միացյալ զորախմբի և ՀԱՊԿ մեխանիզմների գործարկմամբ, ինչի շուրջ մենք շարունակում ենք մեր խորհրդակցությունները մեր գործընկներների հետ:
Վերջին 2 ամիսներին հայ-ադրբեջանական սահմանին երկու զոհ ենք ունեցել: Ցավակցություն հայտնելով զոհերի հարազատներին և մերձավորներին՝ ՀԱՊԿ մեր գործընկերնրի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ուշադրությունն եմ հրավիրում այս փաստի վրա»,- իր խոսքում նշեց Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութերում