Մեկնարկել է «Լավագույն գրադարան» մրցույթի հայտերի ընդունումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Հայկական գրադարանային ասոցիացիա» ՀԿ-ն իրականացնում է «Լավագույն գրադարան» անվանակարգով մրցույթը: Այս մասին հայտնեցին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի լրատվական բաժնից:
Մրցույթը նպատակ ունի հանրայնացնել գրադարանները, խրախուսել լավագույն աշխատանքները, կարևորել գրադարանի և գրադարանավարի դերը, խթանել գրադարանային ոլորտի զարգացումը, բարելավել ծառայությունների որակն ու ներդնել նորարարական գաղափարներ՝ միտված ընթերցանության խթանմանը:
Մրցույթին մասնակցելու հայտերի ընդունումը մեկնարկել է հուլիսի 12-ին, և պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել [email protected] հասցեին մինչև 2021թ. օգոստոսի 20-ը ներառյալ: Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ-ում գործող բոլոր գրադարանները:
Մրցույթը կանցկացվի հինգ անվանակարգերում՝ «Լավագույն համայնքային գրադարան», «Լավագույն մարզային գրադարան», «Լավագույն նորարար գրադարան», «Լավագույն գիտակրթական գրադարան» և «Լավագույն մասնագիտական գրադարան»: Հաղթող գրադարանները կպարգևատրվեն հատուկ մրցանակներով: Իսկ պարգևատրման արարողությունը տեղի կունենա Հայաստանի ազգային գրադարանում 2021թ. հոկտեմբերի 7-ին՝ Գրադարանավարի օրը:
«Լավագույն գրադարան» մրցույթի մասնակցության հայտաձևը և կարգը հնարավոր է ներբեռնել հետևյալ հղումով: