
Առնո Բաբաջանյանի 100-ամյակին կոմպոզիտորի էստրադային լավագույն գործերը կհնչեն ջազային մատուցմամբ

Առնո Բաբաջանյանի 100-ամյակի առթիվ հուլիսի 31-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան զբոսայգում կկազմակերպվի բացօթյա համերգային երեկո, որի շրջանակում կհնչեն Բաբաջանյանի ստեղծագործությունների ջազային մշակումները:
Համերգին ելույթ կունենան Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյան), Վահագն Հայրապետյան տրիոն (Վահագն Հայրապետյան՝ դաշնամուր, վոկալ, Արման Մնացականյան՝ հարվածային գործիքներ, Մակար Նովիկով՝ կոնտրաբաս):
Մենակատարներն են բարիտոն Մավր Մկրտչյանը, սոպրանո Սոֆյա Սայադյանը, շեփորահար Դանիել Մելքոնյանը: Համերգը ղեկավարում է դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը:
Համերգային երեկոն տեղի կունենա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ: Նախագծի հեղինակն է Արմեն Սուքիասյանը: