
Հռոմի պապը վիրահատությունից հետո վերադարձել է Վատիկան

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հաստ աղիքի շրջանում վիրահատության ենթարկվելուց 11 օր անց վերադարձել է Վատիկան, որտեղ շուրջ երկու շաբաթ հանգստի և վերականգնման փուլի մեջ կլինի: Հայտնում է Reuters-ը:
Հռոմի պապը վիրահատության էր ենթարկվել հուլիսի 4-ին՝ Հռոմի հիվանդանոցներից մեկում: Նշվում է, որ Պապը գտնվում է լավ վիճակում:
Տուն վերադառնալուց հետո կաթոլիկ աշխարհի սրբազան քահանայապետը թվիթերյան գրառում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր այս օրերին աղոթել են իր առողջության համար: Նա նաև կոչ է արել չմոռանալ բոլոր նրանց, ովքեր հիվանդ են և ունեն աղոթքների կարիք:
Սուրբ Աթոռի մամլո վարչությունն ավելի վաղ հայտնել էր, որ Պապի մոտ ախտորոշել են «հաստ աղիքի սիմպտոմատիկ ստենոզ», որը ենթադրում է պլանային վիրահատություն: Սա 2013 թվականին ընտրվելուց հետո Ֆրանցիսկոսի առաջին հոսպիտալացումն էր: