Հայկական SuperAnnotate-ը 14․5 միլիոն դոլարի ֆինանսավորում է ստացել
Ոմանց համար համակարգիչների տեսնելու և որոշումներ կայացնելու կարողություն կարող է առաջացնել «Սև հայելի» սերիալի ոճի մղձավանջներ: Բայց հայ եղբայրներ Տիգրան և Վահան Պետրոսյանների համար նման տեխնոլոգիան թեկնածուական թեզ է: Մինչ մի եղբայրն աշխատում էր Շվեյցարիայում, իսկ մյուսը՝ Շվեդիայում, նրանք հասկացան, որ ունեն նույն խնդիրը՝ համակարգչային տեսլականի օգտագործման համար մեքենաներ պատրաստելու համար անհրաժեշտ տվյալների հավաքագրման և պիտակավորման աշխատատար գործընթաց: Հետո տեղի ունեցավ բեկում՝ Վահանը ստեղծեց ալգորիթմ, որը կարող էր ավտոմատացնել գործընթացի մասերը և այն տասնապատկել:
Անցյալ տարի Պետրոսյանները գործարկեցին SuperAnnotate ծրագրակազմի բիզնեսը՝ տեխնոլոգիան ուրիշների հետ կիսելու համար: «Սա մեզ թույլ է տալիս ստեղծել տվյալների մեծ շտեմարաններ»,- Forbes-ի հետ զրույցում ասում է Տիգրանը՝ այժմ ստարտափի գործադիր տնօրենը: «Մենք նաև օգնում ենք ընկերություններին կառավարել այս տվյալների շտեմարանները, քանի որ որակը սովորաբար տուժում է, երբ դու դա անում ես մեծ մասշտաբով»:
Այս գործիքներն այժմ օգտագործում են հազարավոր մարդիկ, և վերջին շրջանում եկամուտները եռապատկվել են՝ եռամսյակի կտրվածքով:
Օրերս SuperAnnotate-ից հայտնել են, որ իրենք ստացել են 14․5 միլիոն դոլարի ֆինանսավորում՝ իրենց համակարգչային տեսլականի հարթակը զարգացնելու համար։
«Մենք ուրախ ենք տեղեկացնել, որ մեր ամենավերջին 14.5 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորումը՝ Base10-ի առաջատար փուլով է։ Միջոցները կօգնեն մեզ էլ ավելի ընդլայնել մեր թիմը ԱՄՆ-ում, Եվրոպայում և Ասիայում` շարունակելու կառուցել ամենաարդիական լուծումները մեր հաճախորդների համար` իրենց համակարգչային տեսլականի արտադրանքն առաջ տանելու համար:
Մենք սրանից ավելի հպարտ չենք կարող լինել մեր անհավանական թիմով, որն անհնարինը հնարավոր է դարձնում»։
Սիրարփի Աղաբաբյան