«Սա Սյունիքը գլխատելու ծրագրի մի մասն է». Առուշանյանի փաստաբանը՝ դատախազության միջնորդության մասին

168.am-ն այսօր տեղեկացրել էր, որ Դատախազությունը ԿԸՀ է դիմել Առուշ Առուշանյանին կալանավորելու թույլտվություն ստանալու համար:

Ավելի ուշ եղավ նաև ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրությունը, որում մասնավորապես նշվում էր. «Փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարը 2021թ. հունիսի 20-ին ՀՀ-ում կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ուղղակի դիտավորությամբ նախապատրաստել է ծանր հանցագործություն՝ ընտրություններին մասնակցելու և «Հայաստան» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար նույն համայնքի Քարահունջ բնակավայրի երկու կամ ավելի ընտրողի կաշառք տալը, սակայն նրա կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցվել:

Բացի այդ, փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ համայնքի ղեկավար Ա. Ա.-ն պաշտոնեական դիրքն օգտագործելով, կազմակերպել է նույն ընտրությունների ժամանակ Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի որոշ ընտրողների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելը, ինչպես նաև այլ կախվածությունն օգտագործելով ընտրողներին կուսակցությունների հիշյալ դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելը»:

168.amԳորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանից հետաքրքրվեց Դատախազության՝ ԿԸՀ-ին դիմելու հիմքերի մասին։

Ի պատասխան՝ Էրիկ Ալեքսանյանն ասաց.

«Առհասարակ հիմքերի մասին խոսելը, կարծում եմ, ավելորդ է. այստեղ ոչ մի իրավական գործընթացի մասին մենք խոսել չենք կարող։ Սա Սյունիքը գլխատելու ծրագրի մի մասն է: Մանվել Փարամազյան, Մխիթար Զաքարյան, Արթուր Սարգսյան, հիմա էլ՝ Առուշ Առուշանյան։ Այսինքն՝ ակնհայտ է, որ մենք գործ ունենք բացառապես քաղաքական հետապնդման հետ։ Ավելին ասեմ՝ ճիշտ է՝ միջնորդությունն արդեն ներկայացրել են ԿԸՀ, բայց անգամ կանխատեսելի է, թե ինչ որոշում են կայացնելու:

Հիմա կտեսնենք՝ ԿԸՀ-ն որոշումը կկայացնի, այդ անձեռնմխելիությունը կհաղթահարեն։ Ես կասկած անգամ չունեմ, որ հաղթահարելու են՝ ոչ թե հիմքերն են առկա, այլ զուտ քաղաքական պատվերի տեսանկյունից միանշանակ նման որոշում են կայացնելու, և դրանից հետո, բնականաբար, իրավական առումով նրանք հնարավորություն են ունենալու մեղադրանք առաջադրելու Առուշ Առուշանյանին և կալանավորման միջնորդություն ներկայացնելու:

Երբ կներկայացնեն, կհրավիրեն մեզ այդ գործընթացին, կմասնակցենք և ըստ այդմ՝ արդեն կհասկանանք, թե ինչ մեղադրանքի, ինչ ենթադրյալ հիմքերի մասին է խոսքը»:

Հիշեցնենք, որ քրեական հետապնդման են ենթարկվել և ազատազրկվել Սյունիքի 4 համայնքապետերը` Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը, Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը, Որոտան համայնքի համայնքապետ Սուրեն Օհանջանյանը և Քարահունջի ղեկավար Լուսինե Ավետյանը։ Երեկ հայտնի դարձավ, որ գործընթաց է մեկնարկել նաև Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանի նկատմամբ, իսկ այսօր արդեն թիրախում Գորիսի համայնքապետն է։

 

Տեսանյութեր

Լրահոս