ԱՆ աշխատակիցների գործուղումների մասին հաշվետվությունները ձեւական բնույթ են կրել. Դրանք եղել են անստորագիր, լրացված մեկ անձի կողմից․ «Փաստինֆո»
ՀՀ հաշվեքննիչ պալատը հրապարակել է ընթացիկ եզրակացություն՝ ՀՀ Առողջապահության նախարարությունում 2020 թվականի պետական բյուջեի տարեկան կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել նաև նախարարության ներքին գործուղումներին, որտեղ ևս մի շարք խախտումներ են հայտնաբերվել։
Նախարարությանը պետական բյուջեից ներքին գործուղումների համար 2020թ. նախատեսվել է հատկացնել 6,779.3 հազ. դրամ, փաստացի և դրամարկղային ծախսերը կազմել են 4,337.4 հազ. դրամ:
Նախարարությունը չի պահպանել ՀՀ կառավարության համապատասխան որոշման պահանջները՝ գործուղման ծախսերի հատուցումը կատարել է ոչ թե առնվազն մեկ օր առաջ, այլ աշխատակիցների գործուղումից վերադառնալուց հետո՝ կարգով սահմանվածից ուշ:
Գործուղման փաստաթղթերի հաշվեքննության արդյունքում արձանագրվել է, որ 2020թ. ներքին գործուղման ծախսերի բոլոր հաշվետվությունները ստորագրված չեն եղել գործուղվող աշխատակցի կողմից, ավելին, դրանք լրացված են եղել մեկ անձի կողմից:
Գործուղման վկայականները լրացվել են ջնջումներով:
Մասնավորապես՝ 2019 թվականի երկու աշխատակցի՝ հրամանի Այրում կատարված գործուղման վկայականում նշվել է մեկ ուրիշ հրամանի թիվ, ընդ որում անհասկանալի է այն փաստը, որ Այրում գործուղվելիս գիշերակացի համար ընտրվել է հյուրանոց Իջևան քաղաքում:
2020 թվականին աշխատակիցներից մեկ ուրիշի՝ Սևան գործուղման վկայականը ևս լրացվել է ջնջումներով:
Նախարարությունը՝ չպահպանելով վերոնշյալ որոշման պահանջները՝ անհատական իրավական ակտ հանդիսացող հրամանը կազմել է ավելի ուշ, քան իրականացվել է բուն գործուղման գործընթացը:
Մասնավորապես՝ նախարարի տեղակալ Ա.Ս.-ն 2020թ. փետրվարի 7-9-ը գործուղվել է Սյունիքի մարզի Կապան, Քաջարան, Մեղրի, Սիսիան քաղաքներ, սակայն նախարարի հրամանը եղել է 2020թ. փետրվարի 10-ին:
Երկու՝ այլ աշխատակից էլ նախորդ տարվա փետրվարին գործուղվել են Արմաշ, Սևան, Վանաձոր, Կապան, Ագարակ, սակայն հրամանները տրվել են այլ՝ 06.03.2020 ամսաթվով:
Հրամաններում չի նշվել գործուղման մեկնած աշխատակիցների գործուղման մեջ գտնվելու ժամկետները, դրանք ճշտվել են մեկ այլ լրացուցիչ հրամանով: Մասնավորապես՝ նախարարի հրամանով փոխնախարար Շ.Գ.-ն 2020թ. սեպտեմբերի 27-ից գործուղվել է Սյունիքի մարզ առանց վերջնաժամկետ նշելու, որից հետո նախարարի 17.11.2020թ. թիվ 487-Ա հրամանով սահմանվել է վերջնաժամկետ 14 նոյեմբերի 2020թ.:
Մեկ այլ հրամանով՝ ՊԱԳ-ի պետ Ծ.Վ.-ն նույնպես առանց վերջնաժամկետի գործուղվել է Սյունիքի մարզ, որից հետո սահմանվել է վերջնաժամկետ՝ 2020թ հոկտեմբերի 19-ը և այլն:
Հաշվեքննության ընտրանքում ընդգրկված երկու աշխատակցի Այրումի ԳԲԱ ՊՈԱԿ գործուղման ճանապարհածախսի փոխհատուցման գումարները ավելի է վճարվել 5000 դրամ՝ յուրաքանչյուրին համաձայն միջմարզային երթուղային ցանցի սակագների:
Առողջապահության նախարարութան դիրքորոշմամբ նշել է՝ քանի որ Երևան- Այրում միջմարզային երթուղի գոյություն չունի, ուստի հաշվարկը կատարվել է ըստ կիլոմետրերի:
Հաշվեքննողն արձագանքով չի ընդունել դիրքորոշումը, նշելով, որ նման երթուղի գոյություն ունի (Երևան-Բագրատաշեն երթուղին կայանում է նաև Այրում համայնքում), այնուհետև անգամ կիլոմետրերով հաշվարկի դեպքում առկա է ֆինանսական փոխհատուցման չափի անճշտություն:
Հաշվեքննության ընթացքում գործուղման ծախսերի հաշվարկները կատարելիս հնարավոր չի եղել կատարել գործուղման մեկնած աշխատակիցներին տրամադրված ծառայողական ավտոմեքենայի վառելիքի ծախսի հաշվարկ, քանի որ ընտրանքում ընգրկված գործուղման մեկնած աշխատակիցները 2020թ. ունեցել են բազմաթիվ գործուղումներ։
«Փաստինֆո»