«Ուղևորություններ եղել են և լինելու են Շուշի». Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ ԱԳՆ-ին
Հուլիսի 9-ին Շուշի կատարած այցի կապակցությամբ Ադրբեջանում հավատարմագրված դեսպաններին Հայաստանի արտգործնախարարության կողմից բողոքի նոտայի հղումը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ «այս երկիրը դեռ միջազգային իրավունքին հակասող և տարածքային պահանջներից բխող դիրքորոշում է ցույց տալիս» (չակերտները-Խմբ.): Նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան:
«Մենք մեկ անգամ ևս շեշտում ենք, որ Հայաստանը չի կարող ոչ միայն բողոքել, այլև մեկնաբանել Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում գտնվող տարածք կատարված որևէ ուղևորություն»,-ասել է նա:
ԱԳՆ ներկայացուցիչը շեշտել է, որ «Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, պատրաստելով նոտան, պետք է գոնե մտածի, թե ինչի դեմ է բողոքում և ինչի հիման վրա»:
«Շուշան (Շուշի) արդեն ազատագրված է և, ինչպես մյուս ազատագրված շրջանները, Ադրբեջանի բաղկացուցիչ մասն է: Ուղևորությունները եղել են և լինելու են այստեղ, վերականգնման աշխատանքներ են տարվում, քաղաքի օրինական տերերը կվերադառնան իրենց տները, մի խոսքով ՝ կյանքը նորից կեռա մեր մշակութային բնօրրանում», – ասել է Լեյլա Աբդուլլաևան:
Նա հավելել է, որ «ըստ ամենայնի, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում ղեկավարության բացակայությունը նույնպես ազդում է այս կառույցի կողմից պատրաստված փաստաթղթերի վրա: Անհրաժեշտ է, որ Հայաստանի արտգործնախարարությունը հասկանա տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակը»: