«Չորս դաշնամուր» խորագրով երեկոյին կհնչեն դասական հեղինակների գործեր
Հայաստանի պետական կամերային նվագախումբը հուլիսի 16-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա «Չորս դաշնամուր» խորագրով համերգով:
Արդեն իսկ սիրված նախագծի ընթացքում նվագախումբը հանդես կգա գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ:
Համերգին որպես մենակատարներ ելույթ կունենան չորս հանրաճանաչ դաշնակահարներ Էլիան Ռեյեսը (Բելգիա), Քեյ Սաոթոմէն (Ճապոնիա), Լող Ֆավղը Կանը (Ֆրանսիա) և Վահան Մարտիրոսյանը: Չորս դաշնամուրը և նվագախումբը միաժամանակ կներկայանան մեկ բեմում:
Համերգային ծրագրում Խաչատրյանի, Վիվալդիի, Շտրաուսի, Պրոկոֆևի, Բիզեի ստեղծագործություններն են: Ստեղծագործությունների մեծ մասը մշակված է հատուկ համերգի համար:
«Չորս դաշնամուր` մեկ բեմում» նախագիծն առաջին անգամ Հայաստանում ներկայացվել է 2015 թվականին: Հայաստանում նախագիծը մեծ հաջողություն ունեցավ և կրկնվեց մի քանի անգամ՝ տարբեր դաշնակահարների մասնակցությամբ: