«Բացառված է Փաշինյան-Վանեցյան քաղաքական համագործակցությունը». Սոս Հակոբյան

Արդեն 5-րդ օրն է, Սահմանադրական դատարանում վիճարկվում են 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները. ՍԴ-ն ունի 15 օր՝ որոշում կայացնելու համար, և այս շաբաթ օրենքով նախատեսված ժամկետն ավարտվում է։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ՍԴ դիմած ուժերից մեկի՝ «Պատիվ ունեմ» դաշինքի կազմի մեջ մտած «Հայրենիք» կուսակցության խորհրրդի անդամ Սոս Հակոբյանն ասաց, որ իրենց դաշինքը ՍԴ-ում վիճարկում է մի շարք հարցեր, որոնցից մեկով ակնկալում է ստանալ պատասխան, թե ինչպես է ստացվել, որ վարչապետը հրաժարական տալով՝ շարունակել է մնալ՝ որպես վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար և կիրառել ունեցած ազդեցությունն ընտրությունների ելքի վրա։

Հակոբյանը չի կիսում քննադատությունը, որ, սպասելով Սահմանադրական դատարանի որոշման կայացմանը, ընդդիմությունն արձակուրդ է վերցրել ընտրություններից հետո ու հայտնվել է սպասման ռեժիմում։

«Պայքարը չի՛ մարել, երբ որ կլինի պատեհ առիթ փողոցում պայքար ծավալելու, դա էլ կլինի, բայց չի կարող նման պայքար լինել, եթե տրամադրություններն այդչափ հասունացած չեն»,- ասաց Հակոբյանը։

Արդյո՞ք տրամադրությունները չեն հասունանում այն ժամանակ, երբ, օրինակ, Սյունիքի համայնքապետերը մեկը մյուսի հետևից կալանավորվում են, Սոս Հակոբյանը պատասխանեց.

««Հայրենիք» կուսակցությունն ընդդիմադիր ճամբարում հանդես եկողների շահերի օգտին մշտապես հայտարարություններ արել է, ընդդիմադիր ճամբարում սահմանագծեր չքաշելու իր պատրաստակամության մասին էլ մշտապես է խոսել»,- ասաց Հակոբյանը։

Խոսելուց, հայտրարարություններից զատ, որպես ընդդիմադիր ուժ՝ ի՞նչ է պատրաստվում անել իրենց կուսակցությունն ու դաշինքը՝ ընդդեմ իշխանության  մուրճի և պողպատե մանդատի կիրառության, Սոս Հակոբյանը պատասխանեց.

«Հանրահավաքային գործիքի կիրառմամբ առաջին հերթին շահագրգռված է ռադիկալ ընդդիմադիր թևը, բայց դրա համար պետք է լինեն համապատասխան տրամադրություններ»։

Ի պատասխան հարցին՝ իսկ ի՞նչ կերպ է պատկերացնում ընդդիմության և իշխանության աշխատանքը խորհրդարանում, Հակոբյանն ընդգծեց, որ խորհրդարանում աշխատանքի նպատակը պետք է լինի ոչ թե կաթվածահար անել աշխատանքը, այլ քննադատությամբ հանդերձ՝ առաջարկել քաղաքական լուծումներ։

«Եթե քաղաքական ուժը, գործիչն ունակ չէ գնալ կոմպրոմիսի, նա սխալ է ընտրել իր մասնագիտությունը»,- ասաց Հակոբյանը։

Դիտարկմանը՝ մի անգամ Փաշինյանը ձեռք է մեկնել, եթե ևս մեկ անգամ մեկնի, արդյո՞ք Արթուր Վանեցյանը կբռնի այդ մեկնած ձեռքը, Հակոբյանը պատասխանեց.

«Վանեցյանը չի հավատում կեղծ ձեռքմեկնմանն այն մարդու կողմից, որն անգամ մեկ ժամ հետևողական չէ իր վարքագծի առումով, դա իրենց լեզվով ասած՝ կեղծ օրակարգ է»։

Դիտարկմանը՝ այսինքն՝ Վանեցյան-Փաշիյան համագործակցություն որևէ կերպ տեղի չի՞ ունենա, Հակոբյանն արձագանքեց.

«Քաղաքական համագործակցությունը բացառված է. մենք գործելու ենք կտրուկ ընդդիմադիր դիրքերից»։

Սոս Հակոբյանը նաև հավելեց.

«Հասկանում եմ գայթակղությունը՝ սեփական դատարկագլուխների կողքին կրթված անձանց ունենալու, բայց «Պատիվ ունեմ» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներն անհամատեղելի են»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս