«Սա ամբողջությամբ քաղաքական հետապնդում է, Արմեն Սամվելյանին կալանավորելու միջնորդությունը ամբողջովին շինծու է». Լիաննա Գասպարյան

Սյունիքի մարզի Մեղրի համայնքի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանին կալանավորելուց հետո, դատարան միջնորդություն է ներկայացվել նրա տեղակալին՝ Արմեն Սամվելյանին և գլխավոր մասնագետին կալանավորելու վերաբերյալ, այս մասին հաղորդագրություն էր տարածել ՀՀ քննչական կոմիտեն։

Ըստ հաղորդագրության, Մխիթար Զաքարյանը չարաշահել է պաշտոնական դիրքը և խախտելով ՀՀ հողային օրեսգիրքը՝ հողամաս է օտարել։

«2020թ. հունիսի 24-ին Մեղրիի համայնքապետարանում տեղի ունեցած աճուրդի արդյունքում, որը կազմակերպվել է համայնքի ղեկավարի տեղակալի կողմից, հաղթող է ճանաչվել համայնքի ղեկավարի մտերիմ անձը, այնուհետև համայնքի ղեկավարի որոշմամբ, աճուրդի արդյունքներով, հողատարածքն օտարվել է հաղթող ճանաչված անձին, և նույն օրը աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ Արտավազդ Արզումանյանի կողմից դիմում է ներկայացվել ՀՀ կադաստրի կոմիտեի Մեղրիի սպասարկման գրասենյակ՝ նշված հողատարածքի վերաբերյալ միասնական տեղեկատվություն տրամադրելու մասին, որին ի պատասխան՝ ՀՀ կադաստրի մարզային ստորաբաժանման կողմից տրվել է միասնական տեղեկանք այն մասին, որ հողամասն ընդգրկված է ՀՀ հողային օրենսգրքով սահմանված հողամասերի ցանկում»,- նշված է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ:

168.amի հետ զրույցում անդրադառնալով Արմեն Սամվելյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությանը և առհասարակ այս ամբողջ գործընթացին, Արմեն Սամվելյանի փաստաբան Լիաննա Գասպարյանն նկատեց.

«Այս գործընթացում տեսնում եմ քաղաքական ենթատեքստ, ավելին՝ սա  ամբողջությամբ քաղաքական հետապնդում է։ Արմեն Սամվելյանին կալանավորելու միջնորդությունը ամբողջովին շինծու է, ապօրինի, բավարար ապացույցների համակցությամբ ձեռք չի բերվել փաստական տվյալ՝ նրան մեղսագրվող ենթադրյալ արարքը։ Ինձ տեղեկացրեցին, որ միջնորդությունը մուտքագրվել է դատարան՝ մակագրվել է դատավոր Մելիքսեթյանին, դատական նիստը, հնարավոր է՝  նշանակվի այսօր ժամը 18։00-ին։ Բայց քանի որ քրեական գործի նյութերը ծավալուն են, և ամբողջությամբ չենք հասցրել ծանոթանալ դրան, դիմում ենք մուտքագրել, որպեսզի հնարավորության դեպքում դատական նիստը տեղափոխեն վաղը»։

Հարցին՝ մտավախություններ չունե՞ք, որ Արմեն Սամվելյանին էլ բերման կենթարկեն այնպես, ինչպես բերման էին ենթարկել Մխիթար Զաքարյանին՝ բռնի ուժ գործադրելով, հրելով, Լիաննա Գասպարյանը պատասխանեց, որ տեղյակ է այդ գործողությունների մասին և այն համարում է ապօրինի։

«Արմեն Սամվելյանին բերման ենթարկելն այս փուլում արդեն ի չիք է դարձել, ծանուցագիր են ներկայացրել, դրա հիման վրա գնացել ենք, մեղադրանք են առաջադրել»,- եզրափակեց Լիաննա Գասպարյանը։

Տեսանյութեր

Լրահոս