«Մեզ մեր կանգնած դիրքերից իջեցրին, թուրքերին բերեցին՝ կանգնեցրին. ի՞նչ մայիսի 12-ի մասին է խոսքը, երբ հայկական կողմը ոչինչ չի անում, իսկ թշնամին մինչև օրս առաջ է գալիս. Բեկ

Արցախյան ազատամարտի մասնակից, «Արծիվ» մահապարտների գումարտակի անդամ Աղաբեկ Խաչատրյանի՝ Բեկի խոսքով՝ Արցախի 44-օրյա պատերազմում հաղթանակը հայկական կողմինն էր լինելու, և այն փառահեղ հաղթանակ էր լինելու, սակայն չհասկացավ, թե ինչ եղավ, ինչու թերացան ու կորցրեցին 5000-ից ավելի տղաների, որոնք պետք է ընտանիքներ կազմեին ու երկրի պաշտպանությունը շարունակեին։

Անդրադառնալով բանակից պրոֆեսիոնալ սպաների՝ Մեղրիի զորամասի հրամանատար Արգամ Գևորգյանի, ԶՈւ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Գրիգորի Խաչատուրովի հեռացմանը, նա նշեց, որ արդեն 4-րդ տարին է՝ ով փորձառություն ունի հայրենիքի պաշտպանության մեջ, արգելում են մնալ բանակում, ինչը բոլորի համար տեսանելի է։

«Այդ նույն Գրիշան 2020 թվականի հուլիսի 20-ին սատկացրեց թուրքին, գեներալի ոտքն օդի մեջ էր թռնում։ Բայց հիմա Գրիշան էլ պետք չէ, որովհետև, ինչպես տեսնում ենք, բանակն արդեն որևէ մեկին պետք չէ, մեր ժողովրդին էլ պետք չէ։ Այսօր ամբողջ ժողովուրդը պետք է ոտքի կանգնի ու մեկը մյուսին երդում տա, որ բոլորը կանգնելու են բանակի կողքին՝ բանակ-ընտանիք-ժողովուրդ նույնը պետք է լինի։ Որևէ մեկի պետքը չէ, որ ամեն ինչ կորցնում ենք, երիտասարդները գալիս են այստեղ, երաժշտությունն այնպես բարձր են միացնում, կարծես ոչինչ չի եղել, իրենց համար ջրոցի են խաղում։ Ես ամոթից Երևան չեմ մտնում, 5000-ից ավելի զոհեր ունենք, իմ կառուցած թանգարան ամեն օր զոհվածի 30 ծնող է գալիս, ես նրանց հոգսերով եմ ապրում։ Այդքան ուրա՞խ ենք, որ ջրոցի ենք խաղում։ Թուրքի մուղամի տակ մարդիկ ուրախանում են, գոնե մի քիչ թասիբ ունենայինք ու մի տարի մեր տղաների հիշատակը հարգեինք, ջրոցի են խաղում․․․ խաղացեք, տեսնենք՝ վաղը ում զուռնայի տակ եք պարելու։ Ազնիվ խոսք, ամոթից գետինն էի մտնում, որ Վարդավառին հրապարակում այդքան երիտասարդներ ուրախանում էին, ես չեմ հասկանում՝ դրանք այլմոլորակայի՞ն են, լավ, ինչպե՞ս են ուրախանում»,- 168․am-ի հետ զրույցում շեշտեց Ա. Խաչատրյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ իրականում կյանքը պետք է շարունակվի, սակայն այդ շարունակության մեջ պետք է տեսնեն հզոր բանակ, պատվախնդիր ժողովուրդ, Աստծուն պաշտող մարդիկ։

«Մեկ է՝ մարդիկ հերթով ծնվում են և առանց հերթի մահանում են, այդ դատաստանի դեմ բոլորն են կանգնելու։ Ալիևն իր հիվանդ հալով ասում է՝ Երևանն իրենց է։ Մի անգամ թող մեր այբուբենը վերցնի, ու տեսնի, թե որ թվականին է ստեղծվել, այն էլ՝ Արցախում, իսկ իրենք երեկ են ձևավորվել որպես ազգ, այսօր իրենք պետությո՞ւն են, մենք պետություն չե՞նք։ Ալիևի այս բարբաջանքներին պետք է պետական մակարդակով պատասխանեն։ Այսօր ես ամեն օր մղկտում եմ, թե ինչպես կարող է Շուշին այսօր դառնա մուսուլմանական կենտրոն»,- ընդգծեց նա։

Նա կոչ արեց հայությանը՝ յուրաքանչյուր օր 10 դրամ հատկացենլ բանակին, զենք առնել, հակառակ դեպքում՝ պետությունն անդարձ կորցնելու են։

«Եթե Շուշին մենք չազատագրենք, եթե Շուշին՝ պատմական հայկական բերդաքաղաքը, մնա թուրքին ձեռքին, իմ փոխարեն եմ ասում, ամոթ կլինի ինձ ու իմ նման մարդկանց»,- ասաց ազատամարտիկը։

Ինչ վերաբերում է մայիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի հատվածներում թշնամու առաջ գալուն, Աղաբեկ Խաչատրյանը հիշեցրեց, որ դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի 18-ին իրենք կանգնած էին հայ-ադրբեջանական սահմանի վրա, իրենց հայկական կողմից հրահանգել են թողնել դիրքերը՝ նշելով, որ իրենք կանգնած են օտար հողում։

«Բայց նոյեմբերի 9-ի փաստաթղթով նշված է, որ ով որտեղ կանգնած է, պետք է շարունակի կանգնել իր զբաղեցրած դիրքերում։ Մեզ մեր կանգնած դիրքերից իջեցրեցին, թուրքերին բերեցին՝ այդտեղ կանգնեցրին։ Ի՞նչ մայիսի 12-ի մասին է խոսքը, երբ հայկական կողմը ոչինչ չի անում, իսկ թշնամին մինչև օրս առաջ է գալիս։ Ռուսների հրամանատարին հարցնում եմ՝ ինչո՞ւ է նման բան տեղի ունենում, ասում է՝ գնա ձեր մեծերին հարցրու։ Ինչո՞ւ մեզ իջեցրեցին, չգիտեմ»,- նշեց ազատամարտիկը։

Նա հիշեցրեց, որ իմքայլական պատգամավոր Անուշ Բեղլոյանը ժամանակին Շուշիին Շուշա էր անվանում, սա պատմության չիմացությունից է, եթե հայոց պատմություն ուսումնասիրեր, ապա նման բան չէր ասի, այդ ամենի արդյունքում էլ այսօր ունենք այն, ինչ ունենք։

«Մենք այս պարտության հետ չենք հաշտվելու, մեկ է՝ այս ազգի մեջ, կներեք բառիս համար՝ դեռ որձ տղաներ կան, մեկ է՝ շուտ-ուշ, մենք միավորվելու ենք, մենք դեռ մեկ պատերազմ ունենք։ Եթե այդ վերջին պատերազմը չունենանք, ապա պետությունը կկորցնենք»,- եզրափակեց Աղաբեկ Խաչատրյանը։

Տեսանյութեր

Լրահոս