Կառավարությունը՝ պետական գերատեսչություններում «կորոնատեռորի» մասին
«Իրավունք» թերթը գրել էր, որ իր հավաստի տեղեկությունների համաձայն՝ պետական բոլոր գերատեսչություններին ներքին հրաման է տրվել, որպեսզի պարտադիր պատվաստվեն Covid-ի դեմ և ներկայացնեն տնօրինությանը փաստ` պատվաստման մասին: Հակառակ դեպքում` պետք է աշխատանքից ազատման դիմում ներկայացնեն: Ըստ նույն աղբյուրների, այլ է իրավիճակն Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների շրջանում: Նրանց զգուշացվել է, որ չպատվաստվելու դեպքում, թեպետ չեն ազատվի աշխատանքից, բայց կզրկվեն պարգևավճարներից, և աշխատավարձից կրճատումներ կարվեն»:
168.am-ը ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք պարտադրանք կա, վերջինը պատասխանեց.
««Իրավունք» թերթի գրածը չեմ ցանկանում մեկնաբանել, միայն կարող եմ ասել, որ ՀՀ կառավարությունը խրախուսում է ՀՀ քաղաքացիների պատվաստումը՝ կորոնավիրուսի դեմ, և հանրային իմունիտետի ձևավորմանը»:
Առողջապահության նախարարությունից էլ ասացին, որ իրենց գործառույթը երկիրը պատվաստանյութով ապահովելն ու պատվաստելն է:
Հավելենք, որ հուլիսի 13-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 226 597 դեպք, որոնցից 217 810 -ը` առողջացած, 4549-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3128 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 242 361 թեստավորում:
Երեկ կատարվել է 4150 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 138 նոր դեպք: Ունենք 79 առողջացած և 2 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1110 է: