«Մենք ունենք պաշտոնյաներ, ովքեր իրենց հայտարարություններով նվերներ են մատուցում ադրբեջանական իշխանություններին». ՄԻՊ

Մենք պետք է ունենանք կազմակերպված քաղաքականություն մեր պետության ներսում, պետական մարմինների կողմից: Այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով սահմանային իրավիճակներում Հայաստանի քաղաքականությանը: Թաթոյանի խոսքով՝ այսօր առկա ռազմականացված, քաղաքականացված կոմպոնենտներով պետական սահմանների հարցերը քննարկելու պատճառով նաև ինքն է ունենում դժվարություններ աշխատանքում՝ թե՛ դրսում, թե՛ ներսում:

«Մենք ունենք պաշտոնյաներ, ովքեր իրենց հայտարարություններով պարզապես, կարող եմ ասել՝ նվերներ են մատուցում ադրբեջանական իշխանություններին այդ խախտումները ցույց տալու հարցում: Բերեմ ընդամենը մեկ օրինակ, ամենաթարմ օրինակը: Հուլիսի 5-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցավ փոխհրաձգություն, և Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաստատեց այդ փոխհրաձգությունը (իմիջիայլոց, ճիշտ հայտարարություն էր, ես այդպիսի հայտարարությունները կարևորում եմ, որ փաստերը հաստատի ՊՆ-ն), և մեկ զինծառայող էլ մեր կողմից վիրավորվել էր: Այդ կրակոցները եղել էին այն վայրում, որտեղ ադրբեջանական զինծառայողները Հայաստանի ինքնիշխան տարածքում են: Մենք կատարեցինք փաստահավաք աշխատանքներ, նաև հաստատեցինք այն փաստը, այո, որը քաղաքացիական բնակչությունը նույնպես նշեց, որ եղել են կրակոցներ, ավելին, արոտավայրերում և սարատեղիում ակնհայտ լսվել են դրանք: Եվ նաև մենք ստացել էինք ահազանգեր մարդկանցից:

Ուրեմն լրատվամիջոցներից մեկը, կարծում եմ՝ ուղղորդված, հարց է տալիս Վերին Շորժայի վարչական շրջանի ղեկավարին, հարցնում է՝ «իսկ ադրբեջանցիները խոչընդոտո՞ւմ են բնակիչների բնականոն կյանքը»: Վարչական շրջանի ղեկավարն ասում է՝ «չէ, ի՞նչ խոչընդոտել, սկի գյուղացիները էդ կողմը չեն էլ գնում»: Ո՞նց ես այդպիսի բան ասում, ինչպե՞ս կարելի է նման բան ասել, երբ ես ինքս եմ եղել այդ վայրում, ադրբեջանական զինվորականները նստած են հենց այն վայրերում, որտեղ մեր արոտավայրերն են, և որտեղ գյուղացիները չեն կարողանում օգտվել արոտավայրերից, իրենց անասնագոմերից, այս պաշտոնատար անձը, վարչական ղեկավարը հայտարարում է, թե՝ «ի՞նչ բնականոն կյանքի խոչընդոտ է, մեր գյուղացիները էդ կողմ չեն էլ գնում»: Է բա չեն գնա էդ կողմ, որովհետև ադրբեջանական զինվորականները ներկա են, ինչպե՞ս կգնան:

Այս պայմաններում, պատկերացրեք, եթե նման հայտարարություն է անում գյուղի վարչական շրջանի ղեկավարը, այսինքն՝ ամենատեղեկացված մարդը, դրանից հետո ես ինչքան գնամ, միջազգային ատյաններում ասեմ, որ ադրբեջանական զինծառայողները խախտում են մեր քաղաքացիների իրավունքները, կբերեն այս մարդու հայտարարությունը, կդնեն, կասեն՝ «էս ի՞նչ եք խոսում, նայեք՝ ձեր գյուղապետերը ինչ են ասում, ձեր գյուղացիները ոչ մի խնդիր էլ չունեն»»,- ասաց Արման Թաթոյանը՝ նշելով, որ պետական սահմանների հարցերի հիմքում պետք է դնել մարդու իրավունքները:

Մանրամսները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս