«Ուզում եմ Ձեզ դուխ տալ էս հարցում». Թեհմինա Վարդանյանը՝ Հայկ Մարությանին

Այսօր ավագանին արտահերթ նիստի ընթացքում որոշեց՝ Երևանի քաղաքապետն այսուհետև իրավունք կունենա համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասում կառուցված ինքնակամ շինությունը քանդելու հրահանգ տալ՝ անկախ դրա օրինականացման ենթակա լինելու հանգամանքից, ինչպես նաև Երևանի ՏԻՄ մարմինները հնարավորություն կստանան իրենց հայեցողությամբ տնօրինել ինքնակամ կառույցները: Ավագանու ընդդիմադիր «Լույս» խմբակցության անդամները ևս կողմ էին այս նախագծի ընդունմանը: Խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հիշեց, որ իր և Հայկ Մարությանի առաջին աշխատանքային քննարկումը եղել է հենց ինքնակամ շինությունների մասին, և իրենց դիրքորոշումը եղել է այն, որ ինքնակամ շինությունները, առավել ևս՝ կառուցված համայնքային հողի վրա, պետք է քանդվեն:

«Ինձ համար վերջին շրջանի քանդման գործողությունները որքան ողջունելի են, նույնքան հարցեր են առաջացնում: Ինչպե՞ս է եղել, որ վարչական շրջանի աշխատակիցները, ղեկավարները, համապատասխան հսկողություն իրականացնող մարմինները չեն նկատել դրանք և այնքան ժամանակ չեն նկատել, որ դրանք բերել են տասնյակ ապօրինությունների: Եթե մենք դրանցից առաջինը, երկրորդը մեկ կամ երկու շաբաթ անց կանխեինք, հիմա նման քանակության շինություններ ստիպված չէինք լինի քանդել… Համայնքային հողազավթման միջոցով նման քայլեր իրականացնելիս, քաղաքացիները պետք է հասկանան, որ քաղաքային իշխանությունը որևէ զիջման չի գնալու, և լինի դա մեկ շաբաթ առաջ կառուցված, երկու շաբաթ, լինի դա համաձայնեցված այս կամ այն պաշտոնյայի հետ, այդ շինությունը պետք է քանդվի»,- ասաց Խաժակյանը:

Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն առաջին անգամ քաղաքապետ Հայկ Մարությանի հասցեին գովասանքի խոսքեր ասաց.

«Պարոն Մարության, հիմա լինելու է նոնսենս, որովհետև ես ևս պատրաստվում եմ Ձեզ, քաղաքապետարանին խրախուսել այս նախագծի հետ կապված: Անկեղծ լինելու համար ասեմ, որ առաջին մի քանի օրը լուռ հետևում էի, ինքս Աջափնյակում եմ բնակվում, գնացել նայել եմ այդ շինությունները, քանդման պրոցեսները, և համայնքային հողի վրա, գազոնների վրա, կանաչապատ տարածքների վրա նմանօրինակ շինությունները կառուցելը պետք է արժանանար այդ բախտին: Ուրախ եմ, որ դա չտևեց մի քանի օր, դա շարունակական է: Ես յուրաքանչյուր օր տարբեր վարչական շրջանների բնակիչներից լսում եմ մի կողմից՝ բողոքներ, մի կողմից՝ ուրախության նոտաներ, բայց ես ևս պատրաստ եմ հնարավորինս սատարել, կողմ եմ այս նախագծին, ուզում եմ Ձեզ դուխ տալ էս հարցում, էդքան բան, ասեցի, չէ՞, ոչ, սա նոնսենս է լինելու»:

Հայկ Մարությանն ուրախությամբ արձագանքեց ավագանու ընդդիմադիր անդամին:

Հ.Մ.- Շնորհակալություն, 2.5 տարի անց:

Թ.Վ.- Ես հիմա եմ սկսում նկատել քաղաքապետ:

Հ.Մ.- Լավ, ասում ա՝ չբարդացնենք իրավիճակը, ոնց որ լավ գնում ա:

Այս ուրախ մթնոլորտում էլ նախագիծն ընդունվեց:

Տեսանյութեր

Լրահոս