Բաժիններ՝

Հայաստանի ծանրամարտի հավաքականը նոր մարզագույք ունի

Հայաստանի ծանրամարտի հավաքական թիմերի մարզումներն այսուհետ կանցկացվեն Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) չափանիշներին համապատասխան մարզագույքով:  ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ IWF-ի կողմից Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի համար արտոնագրված «Eleiko» ապրանքանիշի մարզագույքը (1 մրցումային հարթակ և 20 ծանրաձողի լրակազմ՝ 10-ական տղամարդկանց և կանանց համար) արդեն Հայաստանում է:

Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի խոսքով՝ նոր մարզագույքը նպաստելու է մարզաձևի զարգացմանն ու ավելի բարձր արդյունքներ գրանցելուն:

«Սա երկար սպասված և մեզ համար շատ կարևոր իրադարձություն է: Ծանրորդների համար անչափ կարևոր է միջազգային մրցումներից առաջ մարզվել այնպիսի մարզագույքով, որպիսին լինելու է մրցավայրում, քանի որ գույքի տարբերությունն ազդում է արդյունքների վրա: Այս ծանրաձողերն առնվազն 20 տարի կծառայեն մեզ: Շնորհակալ ենք ՀՀ կառավարությանը և ԿԳՄՍ նախարարությանը համակարգված աշխատանքի և մեզ նեցուկ լինելու համար: Հավաստիացնում եմ, որ մեր շնորհակալությունը կարտահայտենք ավելի բարձր արդյունքների տեսքով»,-նշել է նա:

Փաշիկ Ալավերդյանը նաև տեղեկացրել է, թե ինչ սկզբունքով է կատարվելու մարզագույքի բաշխումը. «Չեմ ասի, թե նոր ծանրաձողերը բավական են հանրապետության բոլոր մարզադպրոցներում առկա բացը լրացնելու համար: Իդեալական պայմաններում յուրաքանչյուր մարզադպրոցին միջազգային չափանիշներին համապատասխան 4 ծանրաձող է անհրաժեշտ, սակայն ստացած քանակը բավարար է հավաքականների մարզումային գործընթացի կազմակերպման համար: Առաջնահերթ մարզագույքը կբաշխվի հավաքականների անդամների մարզադպրոցների շրջանում, որպեսզի նրանք հավաքներից դուրս էլ կարողանան նույն ծանրաձողերով մարզվել»:

Հավաքականի գլխավոր մարզչի խոսքով՝ Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչներ Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) և Իզաբելլա Յայլյանը (59 կգ) նախքան խաղերի մեկնարկը որոշակի ժամանակահատված կհասցնեն մարզվել «Eleiko» ապրանքանիշի մարզագույքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս